հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եկեղեցին հոկտեմբերի 27-ից, ապրիլի 13-ից, մարտի 1-ից հետո ոչ մեկի հրաժարականը չպահանջեց. Բաբաջանյան

Եկեղեցին հոկտեմբերի 27-ից, ապրիլի 13-ից, մարտի 1-ից հետո ոչ մեկի հրաժարականը չպահանջեց. Բաբաջանյան

Այսօր աննախադեպ բան է տեղի ունեցել. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը միացել են վարչապետի հրաժարականը պահանջողներին։ Այս մասին խորհրդարանում իր ելույթում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ըստ պատգամավորի՝ տարօրինակը ոչ թե բուն հրաժարականի պահանջն է, որն ամբողջությամբ քաղաքական է, այլ տարօրինակ է հոգևոր առաջնորդների կողմից կոչ անելու համար ընտրված օրը, երբ հրապարակում հավաքված քաղաքական ուժերը վերջնագիր են ներկայացրել վարչապետին:

«Կարելի էր այդ հրաժարականը պահանջել կիրակի, նախօրեին, անցյալ շաբաթ օրը կամ վաղը, բայց մեր Եկեղեցու երկու պետերը որոշեցին իրենց պահանջը միացնել հրաժարականի պահանջ ներկայացրած քաղաքական ուժերին՝ ավելի սրելու իրավիճակը՝ դույզն-ինչ չմտածելով դրա հետևանքների մասին»,- նշեց պատգամավորը:

Հայրապետները պետք է ոչ թե միանային հրաժարական պահանջողներին կամ դրա հակառակորդներին, այլ հաշտության և համերաշխության օրակարգ պետք է բերեին հրապարակ՝ նշեց Բաբաջանյանը:

«Եկեղեցին իր դրոշը պետք է բարձրացներ՝ պահանջելով վայր իջեցնել բոլոր կուսակցությունների դրոշները և պետք է անհապաղ սկսեր ներհասարակական հաշտեցման գործընթաց: Եկեղեցին հոկտեմբերի 27-ից հետո, ապրիլի 13-ից հետո, մարտի 1-ից հետո ոչ մեկի հրաժարականը չպահանջեց: Ոչ միայն չպահանջեց, ավելին՝ Եկեղեցին այդ ժամանակ կանգնեց մեր պետականության ողնաշարը ջախջախող պետական այրերի կողքին:

Այն, որ այս իշխանությունը պետք է հրաժարական տա, երկու կարծիք չի կարող լինել: Այն, որ դա պետք է լինի օրենքի տառին համապատասխան, ևս որևէ մեկը անհամաձայն չէ: Այն, որ բոլոր քաղաքական սուբյեկտներին պետք է հնարավորություն տրվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել, դա էլ քննարկման հարց չէ: Բայց վստահ եմ, որ ընտրություններից առաջ չափազանց կարևոր են մի քանի հիմնարար բարեփոխումներ, որոնք նվազագույնին կհասցնեն որևէ կոռուպցիոն և ապօրինի ազդեցություն ժողովրդի կամարտահայտության վրա: Այլ խոսքով՝ մինչև ժողովրդավարության անհրաժեշտ պաշտպանության ապահովումը որևէ պարագային չի կարելի գնալ համապետական ընտրության»,- ասաց պատգամավորը:

  • Կիսվել: