չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաստորեն՝ պարտություն է. Շարմազանովը մանրամասներ է հրապարակել Փաշինյանի հետ հանդիպումներից

Փաստորեն՝ պարտություն է. Շարմազանովը մանրամասներ է հրապարակել Փաշինյանի հետ հանդիպումներից

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ՛՛Կորսված հաղթանակ․ դավաճանությու՞ն, թե՞ անգրագիտություն՛՛ խորագրով համաժողովի ժամանակ մանրամասներ հրապարակեց հոկտեմբերի 12-ին և հոկտեմբերի 19-ին արտախորհդարանական ուժերի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից։

Նա մասնավորապես նշեց, որ հոկտեմբերի 12-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավիճակը վատանում է, ինքը նրան առաջարկել է դիմել ռազմավարական դաշնակից ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ, ինչին Փաշինյանը բացասաբար չի արձագանքել։

Շարմազանովի խոսքով՝ այդ հանդիպմանը ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը նույնպես իր խոսքն է ասել. ՛՛Կարծում եմ՝ Իշխան Սաղաթելյանը թույլ կտա, որ ես դա ասեմ․ Իշխան Սաղաթելյանը մինչև վերջ ասաց, որ մենք պատրաստ ենք ծառայել, առաջին օրվանից կամավորականներին ուղարկել ենք։ Ասաց՝ պարո՛ն Փաշինյան, հաղթանակը Ձերն է, այստեղ ոչ ոք չի եկել՝ հաղթանակի դափնիները վերցնելու, հաղթանակի դափնիները Ձերն են։ Աստված տա, ամեն ինչ լավ լինի, Դուք ասեք՝ մենք ինչո՞վ օգնենք։ Հաղթանակի դափնիները Ձերն են, բայց իմացեք, որ պարտության ժամանակ էլ պարտությունը Ձերն է՛՛։

Ըստ Շարմազանովի՝ հոկտեմբերի 19-ին՝ արտախորհրդարանական ուժերի հետ մյուս հանդիպմանը, որին նախորդել է ԱԽ-ում քննարկումը, Փաշինյանը ներս է մտել հոգեբանական ծանր վիճակում և չի թաքցրել, որ, փաստացի, հայկական կողմը պարտվում է։

՛՛Ես նրան ո՛չ դրանից առաջ, ո՛չ դրանից հետո, նույնիսկ բունկերում, նման ծանր հոգեվիճակում չէի տեսել։ Նա ասաց, որ կա առաջարկ՝ կանգնեցնել պատերազմը, ներկայացրեց իրավիճակը, ավելին, իր խոսքերով, ինքը ընդունում էր, որ պարտություն է, որովհետև եղավ հարց՝ ոչ իմ կողմից, որ, փաստորեն, պարտությա՞ն ենք գնում, և չասվեց՝ չէ։ Նա ասաց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ունի առաջարկ՝ պատերազմը դադարեցնելու մասին՛՛,-նշեց ՀՀԿ ԳՄ անդամը:

Ապա նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը հղում է արել ՛՛5+2՛՛-ին՝ ՛՛Լավրովյան պլանին՛՛ կամ դրա մոդիֆիկացված տարբերակին, որտեղ Շուշին ու Հադրութը հանձնելու մասին խոսք չկա։

Շարմազանովն ասաց, որ ինքը նրան հարց ուղղեց, թե սեպտեմբերի 27-ից առ այսօր իրեն ի՞նչ է առաջարկվել, կարո՞ղ է եղել է առաջարկ՝ երեք շրջանը հանձնել, պատերազմը կանգնեցնել, կամ չորս շրջանը, տասը շրջանը, Շուշին էլ տալ, այլ առաջարկ եղե՞լ է։

Ինչպես նշեց Շարմազանովը՝ Փաշինյանն ասաց, որ ոչ, ՛՛5+2՛՛-ն է։

Նրա խոսքով՝ Իշխան Սաղաթելյանը հարց տվեց՝ կարգավիճակի խնդիր կա՞, թե՞ ոչ, Փաշինյանն ասաց՝ ոչ։ ՛՛Սաղաթելյանն ասաց՝ փաստորեն կապիտուլյացիա է, Փաշինյանը պատասխանեց՝ փաստորեն՝ պարտություն է։ Ավելին, ասվել է՝ ռեզերվ ունե՞նք հաղթելու։ Չի ասվել՝ այո, ռեզերվ ունենք հաղթելու՛՛,-պատմեց Շարմազանովը։

Այս ամենից հետո, երբ հոկտեմբերի 19-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանը նման գնահատականներ է հնչեցրել, Շարմազանովի խոսքով, առնվազն անհասկանալի է դառնում, թե ինչու է կրկին ջոկատներ կազմելու և կռվելու նոր հրաման արձակել։

ՀՀԿ ԳՄ անդամը նշեց. ՛՛Այդ ո՞նց էին կռվելու, եթե ինքն արդեն այդ ժամանակ գիտեր, որ բայրաքթարների դեմն առնելու տարբերակ չկա։ Իրենք են ասել՝ օդը պաշտպանված է, բայց օդը պաշտպանված չէր։ Իրենք են ասել՝ մեր պարտության հիմնական պրոբլեմը բայրաքթարներն են։ Երբ ասում է՝ մեղավորը նախկիններն էին, նախկինների ժամանակ Բայրաքթար չի եղել՛՛ :

Նա նաև հիշեցրեց, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու առաջարկի մասին հետագայում հայ ժողովուրդն իմացավ նաև ՌԴ նախագահից:

  • Կիսվել: