ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էդմոն Մարուքյանի հայտարարությունը տրամաբանության հետ որևէ կապ չունի. Ալեն Սիմոնյան

Էդմոն Մարուքյանի հայտարարությունը տրամաբանության հետ որևէ կապ չունի. Ալեն Սիմոնյան

Էդմոն Մարուքյանի հայտարարությունը շատ լավ է հնչում, ինձ համար էլ հաճելի կլինի, որասեմ՝ բոլորին 150-200 հազար դրամ բաժանվելու է,բայց դա իրականության և տրամաբանության հետ որևէ կապ չունի։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբացկության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկել է կառավարությանը ծրագրերի փոխարեն  50 մլրդ դրամը բաժանել 500 հազար ընտանիքի, յուրաքանչյուր ընտանիքին՝ 100 հազար դրամ։

Ալեն Սիմոնյանի խոսքով, Էդմոն Մարուքյանն իր հարցազրույցներից մեկում հայտնել է՝ տեղյակ չէ, թե կառավարության համավարակի չեզոքացման 14 ծրագրերն ում են վերաբերում։ «Լավ կլինի, որ հայտարարություն անելուց առաջ պարոն Մարուքյանը տեղյակ լինի, թե այդ ծրագրերն ում են վերաբերում»,- ընդգծեց նա։

Նա միաժամանակ նշեց՝  100,000-ից ավելի քաղաքացու օգնություն ցուցաբերվել է, իսկ ճգնաժամը վերաբերում է բոլորին։ «Ճգնաժամը պահանջում է կտրուկ լուծումներ։ Հասկանում եմ դժգոհությունը, բայց, ինչպես վարչապետը հայտարարեց, առաջիկա տաս օրերի ընթացքում գրեթե բոլոր տնտեսական սահմանափակումները դուրս կգան և կհասկանանք, թե ինչ ենք անում, որ այս իրավիճակից բոլորով դուրս գանք»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Նա նաև ասաց՝ ակնհայտ է, որ կան մարդիկ, ովքեր օգտվում են օգնությունից, բայց կան մարդիկ, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը։

«Մենք չենք կանգնում ասում՝ եկեք մարդկանց փող բաժանենք, իսկ հետո աշխատավարձերը ո՞նց տանք, բանակի ծախսերը ո՞նց անենք․․․ Այ, Միքայել Մինասյանի փողերը կարելի է բաժանել»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

 

  • Կիսվել: