ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում վերահաստատվել է կրակի դադարեցման անհրաժեշտությունը

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում վերահաստատվել է կրակի դադարեցման անհրաժեշտությունը

ԵԱՀԿ Մշտական խորհուրդը հատուկ նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և դրա զարգացումը` կառույցում 2020թ. Ալբանիայի նախագահության համատեքստում: Այս մասին ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ  Մշտական խորհուրդը նախագահող դեսպան Իգլի Հասանին կրկին հայտարարել է ԵԱՀԿ նախագահողի տագնապի մասին, որը կապված է տեղում իրավիճակի վատթարացման և շարունակվող բախումների հետ: Նա, մտահոգված լինելով զոհերի թվի աճով,  կրկնել է ԵԱՀԿ նախագահության կոչը` անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը և ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ տեղեկատվություն է ստանում անմիջապես տեղից և տեղի զրուցակիցներից` ամենաբարձր մակարդակով: Նա վստահեցրել է, որ մշտական կապի մեջ է կողմերի հետ, և նշել, որ իր թիմը պատրաստ է վերսկսել դաշտային մոնիտորինգը, երբ իրավիճակը թույլ կտա:

ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները կրկնել են համանախագահների կոչն ուղղված բոլոր կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները` հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար:

 

  • Կիսվել: