չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական. Միրզոյանը՝ ԼՂ-ում իրադրության մասին

ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական. Միրզոյանը՝ ԼՂ-ում իրադրության մասին

ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ համատեղ հայտարարության ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ այսօր ԵԱՀԿ-ի ուշադրության մեծ մասը գրավում են ռուս-ուկրաինական իրադարձությունները, բայց, միաժամանակ, նախարարը հույս հայտնեց, որ ԼՂ հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում:

«Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ ԼՂ-ում էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակելու համար: Դրա վառ վկայությունն է մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը ԼՂ տարածք՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ: Այս իրավիճակը շարունակվում է մինչ այսօր»,- ասաց Միրզոյանը:

Ռազմական գործողությունների հրահրմանը, նախարարի խոսքով, նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը:

«Ադրբեջանը խափանել էր ԼՂ կենսական նշանակություն ունեցող միակ գազատար խողովակի աշխատանքը և գազի մատակարարումը ԼՂ խստաշունչ եղանակային պայմաններում»,- նշեց նախարարը:

ԱԳ նախարարի խոսքով՝ այս ներխուժումը նախապես ծրագրված էր Ադրբեջանի կողմից:

«Դա բացահայտ արհամարհանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին: Այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է  հրամայական, իսկ ԼՂ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը՝ հրատապ, հումանիտար ճգնաժամը կանխելու համար»,- ասաց Միրզոյանը:

Միրզոյանը գոհունակությամբ փաստեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ գնահատական են տվել ԼՂ-ում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժին:

  • Կիսվել: