Ձեզ չի՞ անհանգստացնում, որ մինչ օրս հրապարակված չէ 44-օրյա պատերազմում զոհվածների անունները. Նազարյանը՝ դատախազին
Որպես գլխավոր դատախազ, Ձեզ չի՞ անհանգստացնում այն փաստը, որ մինչ օրս հրապարակված չէ 44-օրյա պատերազմում զոհվածների և անհայտ կորածների անունները: Գուcե դուք ձեզ մոտ այդ ցուցակը ունե՞ք: Այս մասին Աժ-ում դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նա նաեւ հավելեց. «Չեք կարծում, որ 44-օրյա պատերազմին վերաբերող գործերով ճիշտ կլինի ստեղծել հատուկ համակարգ, որտեղ ներգրավված կլինի քննչական մարմինը, լիազոր դատախազների խումբը եւ մասնագիտացված դատարան, որ այս գործը ցաքուցրիվ չլինի»:
Ի պատասխան Աննա Վադապետյանը նախ նշեց, որ առանձին մարմին ձեւավորելը խնդրահարույց է, ապա հավելեց. «Գուցե պետք է քննիչ հանձնաժողով-իրավապահ համակարգ արդյունավետ համագործակցության ձեւաչափ մտածել, որը կօգնի գործերի բացահայտմանը»:
Ինչ վերաբերում է զոհված անձանց ցուցակներին, դատախազն ասաց. «Ես ինքս եմ խնդրել ինձ համար անհատական ցուցակները կազմել և ունենալ: Երբ դեկտեմբերին ես գնում էի եռակողմ հանդիպման, ես հստակ գիտեի բոլոր պահվող անձանց անուն, ազգանունը, ծննդյան տարեթիվը, որովհետև դրանք ինձ համար անձանց քանակ չէ, այլ անհատապես անձինք են, որոնցից յուրաքանչյուրի ճակատագիը մեծագույն արժեք է մարդու իրավունքի տեսանկյունից և ինձ համար»:
Նա նաեւ ընդգծեց, որ ԱԱԾ-ն էլ է հետևողական աշխատանք տանում իրենց հետ՝ անձանց նույնականացնելու, կարգավիճակներ տալու հետ կապված:



