երեքշաբթի, մայիս 17
17 / 5 / 2022
Ձեր ընտրության պարագայում իշխանությունը կստանա անձնական օգտագործման իրավապաշտպան․ Դուք չունեք հեղինակություն․ Արթուր Ղազինյանը՝ ՄԻՊ թեկնածուին

Ձեր ընտրության պարագայում իշխանությունը կստանա անձնական օգտագործման իրավապաշտպան․ Դուք չունեք հեղինակություն․ Արթուր Ղազինյանը՝ ՄԻՊ թեկնածուին

3-4 օր է՝ ԱԺ-ում քննարկում ենք ՔՊ-ի կողմից ներկայացված թեկնածուներին, երկուսը՝ ՀՌՀ անդամներին, երրորդը՝ ՀՀ ՄԻՊ-ի թեկնածությանը։ Բոլոր երեք թեկնածուների համար կարելի է գտնել 2 ընդհանրություն։ Առաջին՝ ներկայացվել են իշխող ՔՊ-ի կողմից, երկրորդ՝ բոլոր երեքն էլ տառապում են նույն հիվանդությամբ՝ «խոսքահոսություն»։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Ըստ նրա՝ ելույթներում ոչինչ չկա ծրագրերի, անելիքների, խնդիրների ու դրանց լուծումների մասին։

«Անտրամաբանական, անբովանդակ, հիմնականում շարահյուսական խնդիրներ ունեցող ելություներ են, չեն լսում հարցերը, գուցե լսում, հասկանում են, բայց չեն պատասխանում։ Հնչում է մի հարց, տրվում է բոլորովին այլ պատասխան կամ որևէ իմաստ չներկայացնող»,-ասաց նա՝ նշելով, թե այս գնահատականը վերաբերում է նաև ՄԻՊ թեկնածուին։

Նա ընդգծեց՝ ընդդիմությունը խնդիր ունի պարզել, թե իշխանության կողմից ներկայացված կլինի մարդու իրավունքների պաշտպա՞ն, թե՞ կլինի իշխող խմբակցության, քաղաքական ուժի «սրտի» ցանկալի իրավապաշտպան։

«Տիկի՛ն Գրիգորյան, Դուք ո՛չ տեսական, ո՛չ գործնական հնարավորություն չունեք՝ հասնելու գործող ՄԻՊ-ի կողմից սահմանված բարձր նշաձողին, դա Ձեզ համար անհասանելի բարձունք է։ Սահմանադրությամբ ՄԻՊ-ի համար սահմանված է մեկ պահանջ՝ հեղինակությունը։ Առնվազն մասնագիտական հանրույթը Ձեզ չի ճանաչում, Դուք չեք վայելում հարգանք մասնագիտական հանրույթի մոտ, չունեք նաև հեղինակություն։ Ձեր ընտրության պարագայում ՀՀ-ն ոչ միայն չի ունենա իրական ՄԻՊ, այլև լուրջ ռիսկ կառաջանա հաստատված բարձր նշաձողի անկման համար։ Ձեր ընտրության պարագայում իշխանությունը կստանա անձնական օգտագործման իրավապաշտպան»,-հայտարարեց Ղազինյանը՝ դիմելով ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ պատգամավորն ասաց․«ՀՀ-ն կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանը։ Այս արտահայտությունը եղել է և կլինի ՀՀ բոլոր իշխանությունների մոտ։ Սա նաև Հայաստան պետության և «Հայաստան» դաշիքնի մոտ կլինի, որովհետև այլ բան ասել այս կոնտեքստում հնարավոր չէ։ Ոչ մի պետականամետ ուժ և պետական գործիչ չի կարող ասել, որ ՀՀ-ն դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն։ Բայց, ինչպես ասում են, սատանան թաքնված է դետալներում։ Մասնավորապես, նախապայմանների հարցը»,-ասաց նա՝ նշելով, որ եթե արտաքին դաշտում նախապայմանները քիչ թե շատ հասկանալի են, ապա պետք է քննության առնել ներքին նախապայմանները։

«Ես՝ որպես հայ մարդ, պատգամավոր, ունեմ սեփական նախապայմաններս իշխանության առջև։ Կարծում եմ՝ ինձ պես հարյուր հազարավոր մարդիկ ևս ունեն այդ նախապայմանները։ Մասնավորապես՝ հայկական Շուշիում Ալիևի և Էրդողանի ստորագրած հռչակագրի հակահայկական կետերի նկատմամբ դատապարտող հայտարարություն իշխանության կողմից, պետք է հայտարարվի, որ 1,5 մլն հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման հարցը պետք է վերադառնա ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություն, և այդ առումով պետք է հնչի կոնկրետ դիրքորոշում, պետք է հրապարակայնորեն ճանաչվի, երաշխավորվի և առաջ մղվի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու բնական իրավունքը»,-ասաց նա՝ նշելով, թե ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ երրորդ կետի վերաբերյալ հարցին ի պատասխան ստացել են վիրավորանքներ, չհիմնավորված մեղադրանքներ։

«Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու իրավունքը փաստացի չճանաչվեց»,- ասաց Ղազինյանը։

  • Կիսվել: