Ձեր տեսլականը բերել է նրան, որ ԼՂ-ում հիմա հայ չկա. Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը
«Ձեզ դուր է գալիս բանավեճն իջեցնել պաթոսային հայտարարությունների դաշտ, բայց եկեք գանք փաստական դաշտ և իմ սիրած դաշտ՝ 004 շրջաբերականի դաշտ»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Անդրադառնալով Արցախում տեղի ունեցածին՝ Ռուբինյանը նշեց. «Դուք ասում եք՝ ինչ հեղաշրջում Արցախում, ուղղակի Արայիկ Հարությունյանը վերջին օրերին հրաժարական տվեց, մենք էլ վերցրինք իշխանությունը: Իրականությունը հետևյալն է. Դաշնակցության հայտնի շրջաբերականը 2022 թվականին է ընդունվել և ուղարկվել կուսակցականներին: Ինչ է ասում այդ շրջաբերականը ԼՂ իշխանությունների մասով, ասում է՝ միաժամանակ ակնհայտ է, որ որևէ արմատական խնդիր չի կարող լուծվել, մինչև չփոխվի Արցախի իշխանությունը, Արցախի քաղաքականությունը չվերադարձվի ազգային ուղեգիծ:
Ինչ է տեղի ունեցել 2022-23 թվականներին, եղել է երկու տեսլական, մեկը ՀՀ իշխանությունների տեսլականը, որ ԼՂ-ն ինքը բանակցությունների մեջ մտնի Ադրբեջանի հետ և եղել է ՀՀ ընդդիմության տեսլականը, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ԼՂ-ն ու Հայաստանը ենթարկեցվեն այլ պետության, ՀՀ-ն կորցնի իր սուվերենությունը, դրա համար այդ թվում ԼՂ-ում պետք է անել իշխանափոխություն, դրա համար է, որ նույն այն օրերին, երբ ԼՂ-ում իշխանությունը դուք վերցրիք, ՀՀ-ում միտինգ էիք անում, երկու նախկին նախագահները հրապարակում կանգնած էին, լրագրողները հարցնում էին՝ ինչ կարծիքի եք, որ իշխանափոխություն եղավ ԼՂ-ում, ասում էին՝ շատ ուրախ ենք, հուսով ենք նույնն էլ կլինի ՀՀ-ում: Դա է պատճառը, որ ԼՂ-ում հիմա հայ չկա, ձեր տեսլականը բերել է նրան, որ ԼՂ-ում հիմա հայ չկա: Երբ ԼՂ-ում հայ կար, մենք ուզում էինք՝ այդ հայերը շարունակեն այնտեղ մնալ»: