կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դպրոցներում ուզում են 2 տնօրեն նշանակել․ մեկը՝ ընտրովի, մյուսը՝ նախարարությունից ուղարկված․ Գեղամ Մանուկյան

Դպրոցներում ուզում են 2 տնօրեն նշանակել․ մեկը՝ ընտրովի, մյուսը՝ նախարարությունից ուղարկված․ Գեղամ Մանուկյան

«Երկիրը, պետական կառավարման համակարգը 3 տարի շարունակ որբի գլուխ են դարձրել ու փորձարկում են անում։ Հիմա Կառավարությունը եկել է, առաջարկում է շատ արագ «շըփթըփ» կարգով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ անել։ Սիրելի ուսուցիչներ, ուսումնական հաստատություններում աշխատողներ, տնօրենից մինչև տնտեսվար, դպրոցներ երեխա ուղարկողներ, Կառավարությունը ուզում է Հայաստանում ամբողջ կրթական համակարգը գլխիվայր փոխել՝ կառավարման իմաստով»,-ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ դպրոցներում ուզում են 2 տնօրեն նշանակել․ մեկը՝ ընտրովի, որը կրթական համակարգի պատասխանատուն է լինելու, մյուսը՝ նախարարությունից ուղարկված․ «Իրենց կուսակցական ենթակայության տակ են դնելու ամբողջ կրթական համակարգը և Կառավարությունն ուզում է մի քանի ժամվա մեջ «շըփթըփ» անելով այս ամբողջ նախագիծը բերել ու «սղացնել» այստեղ»։

«Հանրակրթության մասին» օրենքի նախագծում դպրոցի կառավարման գործընթացը բաժանված է երկու հիմնական մասի՝ ուսումնական և վարչատնտեսական: Նախարարությունը նշել է, որ այս երկու ուղղությունները այժմ ղեկավարում է դպրոցի տնօրենը: Դպրոցը ունի տնօրենի տնտեսական աշխատանքերի գծով տեղակալի և հաշվապահի հաստիքներ, որոնք կատարում են իրենց աշխատանքը տնօրենի վերահսկողությամբ եւ բոլոր գործընթացներին մասնակցում է տնօրենը:

«Ֆինանսատնտեսական, վարչական և տնտեսական աշխատանքները տնօրենից մեծ ժամանակ են խլում և հնարավորություն չի տալիս լիարժեք ձեւով կազմակերպել, գնահատել եւ վերահսկել ուսումնական գործընթացը դպրոցում: Այս դեպքում աշխատանքը իրականացնում է տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը, ում պարտականությունները շատ դեպքերում համընկնում է տնօրենի պարտականությունների հետ: Ստացվում է, որ ունենք տնօրեն, որ տնտեսական աշխատանքների գծով տեղակալի եւ հաշվապահի հետ իրականացնում է վարչատնտեսական աշխատանքները եւ ուսումնական աշխատանքների գծով տեղակալի հետ իրականացնում է ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերումը եւ վերահսկողությունը: Արդյունքում տնօրենը ավելի շատ աշխատանք է տանում վարչատնտեսական բաղադրիչում, եւ ուսումնական մասը, որն ավելի ծավալուն է, իրականացնում է մնացած ժամանակահատվածում: Մյուս կողմից տնօրենը կրկնում է նշված աշխատակիցների աշխատանքը:

Ուսումնական հաստատության կառավարման առաջարկվող մոդելում ունենում ենք վարչատնտեսական մասի համակարգող, որն ինքնուրույն է իրականացնում դպրոցի կառավարումը՝ վարչական, տնտեսական եւ ֆինանսական մասով: Նա ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում է ուսումնական գործընթացի պլանավորում միայն: Ուսումնական մասի տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական եւ ֆինանսական հարցերով: Նա զբաղվում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպմամբ, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմամբ եւ իրականացմամբ: Վարչատնտեսական մասի համակարգողի հետ համագործակցում է պլանավորման եւ դասաբաշխման հիման վրա տարիֆիկացիայի կազմման ժամանակ»,-նշվում է հիմնավորման մեջ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ «Հանրակրթության մասին» օրենքը այսօր միայն առաջին ընթերցում է անցնելու, հետագայում հանրային քննարկում է կազմակերպվելու։

  • Կիսվել: