Չորս դպրոցների տնօրեններ կպшտժվեն ՔՊ հանրահավաքին աշակերտների մասնակցության համար. Անդրեասյան
Արագածոտնի մարզի չորս դպրոցների տնօրեններ, որոնք աշակերտներին բերել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքին, կենթարկվեն կարգապահական պատասխանատվության: Այս մասին այսօր ԱԺ–ում 2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 13-ին, լրատվամիջոցները հայտնել էին, որ Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցում են մարզի գյուղերի ուսուցիչներ և աշակերտներ, և դասաժամերը հատուկ կրճատվել են։
Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ Արագածոտնի մարզում 4 դպրոցի տնօրեններ աշխատանքից ազատման դիմումներ են գրել, սակայն այդ դիմումները չեն մակագրվի, քանի դեռ ծառայողական քննություն է ընթանում։
Իր հերթին նախարար Անդրեասյանն այսօր հիշեցրեց, որ ավելի վաղ գերատեսչությունն արդեն հայտնել էր դպրոցների, քոլեջների և բուհերի գործունեությանը վերաբերող ահազանգերի մասին: Նախարարության անմիջական ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններում ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, իսկ մնացած դեպքերի վերաբերյալ առաջարկություններ են ուղարկվել իրավապահ կառույցներին:
Ըստ Անդրեասյանի՝ նախարարության դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կրթական հաստատությունների ղեկավարները չպետք է վարչական ռեսուրսն օգտագործեն քաղաքական նպատակներով։
Նախարարը հավելեց, որ ղեկավար պաշտոնների համար, ըստ այդմ, մրցույթներ և հարցազրույցներ անցկացնելիս հաշվի կառնվեն ոչ միայն թեկնածուների մասնագիտական հմտությունները, այլև նրանց անձնական որակները։
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա տարիներին հանրակրթության ոլորտում նախարարության վերահսկողական լիազորությունները կընդլայնվեն: Եթե ներկայում գերատեսչության ենթակայության տակ են գտնվում միայն 10–12–րդ դասարաններն ընդգրկող ճեմարանները, ապա 2026 թվականի սեպտեմբերից նախարարության ենթակայության տակ կանցնեն նաև մարզային 1–9–րդ դասարանները, իսկ 2027 թվականի սեպտեմբերից՝ Երևանի համանման դպրոցները։



