երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Դոնբասի հանրապետությունների ճանաչումն անվանել է միջազգային իրավունքի ոտնահարում է․ Ուկրաինայի ԱԳՆ

Դոնբասի հանրապետությունների ճանաչումն անվանել է միջազգային իրավունքի ոտնահարում է․ Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը՝ Ռուսաստանը «կոպտորեն ոտնահարել է» միջազգային իրավունքի հիմքերը, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաև խախտել է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, փոխանցում է Известия պարբերականը։

«Այսպես կոչված «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը» և «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» ճանաչելու Ռուսաստանի Դաշնության որոշումը որևէ իրավական հետևանք չի ունենա։ Այս որոշումը կտրուկ մեծացնում է իրավիճակի սրումը և կարող է նշանակել Ռուսաստանի Դաշնության ելք Մինսկի համաձայնագրերից», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարությամբ ուկրաինական դիվանագիտությունը ներկայումս օգտագործում է դիվանագիտական ողջ «զինանոցը»՝ զինված հակամարտության բռնկումը կանխելու համար։

Նշվում է նաև, որ հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան մշտական կապի մեջ է իր արևմտյան գործընկերների հետ՝ «Ռուսաստանի Դաշնության դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառելու» դիվանագիտական ջանքերը համակարգելու նպատակով։

«Ռուսաստանի Դաշնության հետագա որոշումներն ու քայլերը մեծապես կախված են իրադարձություններին աշխարհի արձագանքից։ Ուստի մենք պնդում ենք, որ Ռուսաստանի դեմ ցավալի պատժամիջոցների կիրառվեն, որպեսզի հստակ ազդակ ուղարկենք հետագա էսկալացիայի անթույլատրելիության մասին»,- եզրափակել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով դիմել էր ժողովրդին՝ նշելով, որ Ռուսաստանի վերջին գործողությունները Կիևը որակում է որպես Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։ Ըստ Զելենսկու՝ Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնում են նույնը՝ չնայած Ռուսաստանի գործողություններին։ Ուկրաինայի նախագահը շեշտել էր, որ Դոնբասի բռնազավթված շրջանների անկախության ճանաչումը կարող է նշանակել Մոսկվայի միակողմանի ելք Մինսկի համաձայնագրերից։ Ստեղծված իրավիճակի պատճառով Ուկրաինան Նորմանդական քառյակի արտակարգ հանդիպում է հրավիրել։

  • Կիսվել: