երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դեսպան Խաչատրյանը ԵԽԽՎ նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները

Դեսպան Խաչատրյանը ԵԽԽՎ նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները

Փետրվարի 3-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպեց ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոկսին։

Շնորհավորելով Թինի Քոկսին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Խաչատրյանն ընդգծեց ԵԽԽՎ կարևոր առաքելությունը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման հարցերում՝ որպես քաղաքական քննարկումների համաեվրոպական հարթակ։ Առանձնանշվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ընդունված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևի կարևորությունը, որով վերահաստատվել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության զարգացման հարցում։

Այս համատեքստում կարևորվեց, որ նույն բանաձևում Վեհաժողովը վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհրաժեշտությունը։

Դեսպան Խաչատրյանը ԵԽԽՎ նախագահին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները՝ այդ թվում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդիրը։ Կարևորվեց ԵԽԽՎ շարունակական դերակատարությունը այս խնդիրների բարձրաձայնման և կարգավորման ուղղությամբ։

  • Կիսվել: