երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դեսպան Բալայանը Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Դեսպան Բալայանը Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Հունվարի 23-ին Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Թիյոյի հետ։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բալայանը բարձր է գնահատել Բելգիայի խորհրդարանի շարունակական աջակցության դրսևորումները՝ արտահայտված բանաձևերի և հայտարարությունների տեսքով, ինչպես նաև ակտիվ ներգրավվածությունը Երևանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացման հարցում։

Տիգրան Բալայանը մանրամասն ներկայացրել է իր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունները, Բելգիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից 2023 թ․-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման հումանիտար հետևանքներին, և ներկայացրել ավելի քան 140․000 բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության գործադրած ջանքերը։

Այս կապակցությամբ դեսպան Բալայանը նաև ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մանրամասները՝ անդրադառնալով նաև ՀՀ կառավարության կողմից առաջադրված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։ Նախագահ Թիյոն իր հերթին նշել է, որ Բելգիան դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը և հայերի բռնագաղթը կարևորել հայ ազգաբնակչության՝ հայրենիք ապահով վերադարձի իրավունքի պաշտպանությունը։

Նա դրական է գնահատել հայ-բելգիական համագործակցությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև Եվրոպական Միության հետ Հայաստանի մերձեցման գործընթացը՝ ԵՄ-ում Բելգիայի նախագահության համատեքստում։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ընթացիկ տարում Բելգիայում կայանալիք ընտրություններին և նախընտրական զարգացումներին։

 

  • Կիսվել: