ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դելտա շտամի պատճառով առկա է հիվանդության երիտասարդացում և ընթացքի ավելի կտրուկ վատթարացում․ նախարար

Դելտա շտամի պատճառով առկա է հիվանդության երիտասարդացում և ընթացքի ավելի կտրուկ վատթարացում․ նախարար

Հայաստանում կորոնավիրոսով հիվանդացության թվերն օրեցօր աճում են, այս օրերին հիվանդանոցային հավելյալ մահճակալների ծավալման փուլում ենք գտնվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բայց երկու արձանագրում պետք է անեմ։ Ցավոք սրտի, այս շտամով վարակման պարագայում մենք նկատում ենք հիվանդության երիտասարդացում և ընթացքի ավելի կտրուկ վատթարացում, ինչը մեր գործը էլ ավելի է ծանրացնում։ Սա ինչ է նշանակում, որ մենք, ցավոք սրտի, կունենանք ավելի երկար հոսպիտալացման օրեր, ինչը առկա մահճակալային ֆոնդի առումով շատ ավելի կբարդացնի վիճակը»,- նշեց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ այս պահին հազարից ավելի պացիենտներ օգտվում են հիվանդանոցային ծառայությունից։ «Եվ մենք տեսնում ենք, որ հիվանդության զարգացման պատկերը շատ ավելի կտրուկ է։ Եթե նախկինում վատթարացման օրերը հիվանդության ի հայտ գալուց 5-րդ, 6-րդ, 7-րդ օրերին էին լինում, ապա այս պարագայում շատ դեպքերում 3-րդ, 4-րդ օրը մենք տեսնում ենք արդեն որոշակի հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալների շեշտակի վատթարացում։ Ես նշել էի մեր երկու պացիենտների մասին՝ մեկը 20 տարեկան, մյուսը՝ 28, ովքեր որևէ ուղեկցող հիվանդություն չունեն, բայց այս պահին էլ գտնվում են արհեստական ապարատներին միացված և կյանքի համար պայքար են մղում»,- հավելեց նա։ Ներկայումս Հայաստանում շրջանառվող շտամը համարվում է «դելտա» շտամը, այն բավական ագրեսիվ շտամ է և ճնշում է մյուս շտամներին։

Ինչ վերաբերում է ախտանշաններին, ըստ նախարարի, եթե նախկինում համի ու հոտի կուորստը բնորոշ էր կորոնավիրուսին, այս շատմի պարագայում այդքան էլ այդպես չէ, մարդիկ շատ դեպքերում չեն կորցնում համի ու հոտի զգացողությունը։ Բացի դրանից, այս շտամն ավելի շատ հարբուխային սիմպտոմներ ունի։ Ըստ նախարարի՝ քանի որ կորոնավիրուսի բուժման առումով շեշտակի փոփոխություններ նկատելի չեն, ամենագործուն միջոցը մնում է դրա կանխարգելումը։ Նա կոչ արեց ուսուցիչներին ու պրոֆեսորադասախոսական կազմին, նաև ուսանողներին՝ նախքան ուսումնական տարվա մեկնարկը հնարավորինս շատ պատվաստվել։

  • Կիսվել: