ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դելիմիտացիայի գործընթացում Հայաստանի շտապողականությունը բավականին հարցեր է առաջացրել. Տիգրան Աբրահամյան

Դելիմիտացիայի գործընթացում Հայաստանի շտապողականությունը բավականին հարցեր է առաջացրել. Տիգրան Աբրահամյան

Այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի ու Արցախի շուրջ, ավելին է, քան մտահոգությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է քողարկել սահմանագծում առկա իրական իրավիճակն ու քողարկել իր կողմից որևէ լուրջ քայլ չանելու գլխավոր պրոցեսը», - ասաց նա։

Աբրահամյանի խոսքով՝ սահմանազատման հետ կապված բարդագույն իրավիճակ է։
 

«Հայաստանը միանգամից փորձում է տեղեկացնել, որ ինքը շահագրգռված է դելիմիտացիայի գործընթացով, ընդհուպ, հղում է անում խորհրդային քարտեզներին, որի հիման վրա պետք է տեղի ունենան այդ գործընթացները», - ասաց պատգամավորը։

Նա նշեց, թե իշխանության՝ հրատապ այս քայլերի իրականացումը, շտապողականությունը բավականին հարցեր է առաջացրել։

Աբրահամյանն ընդգծեց՝ դելիմիտացիան բավականին երկար գործընթաց է ու կարող է Հայաստանը մտնել մի գործընթացի մեջ, որը հետագա տասնամյակներին բավականին վտանգավոր իրավիճակների կարող է բերել։

«Ցանկացած գործընթաց, որը տեղի է ունենում Հայաստանի ու Արցախի շուրջ, պետք է հաշվի առնել շատ կարևոր հանգամանք՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որի հիմքում պետք է լինի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը ու դրա միջազգային ճանաչման հարցը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ընդգծեց, որ ակնհայտ է՝ իշխանությունը թաքցնելու բան ունի. «Իշխանությունը որևէ ձևով չի ուզում, որ ընդդիմադիր պատգամավորները ֆիքսեն այն իրավիճակը, որ կա առաջնագծում»։

  • Կիսվել: