հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դե ֆակտո ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կատարում եռակողմ հայտարարությամբ արձանագրված իր պարտավորությունը. Փաշինյան

Դե ֆակտո ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կատարում եռակողմ հայտարարությամբ արձանագրված իր պարտավորությունը. Փաշինյան

Նախորդ շաբաթվանից Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, բացառությամբ մի բանի, վերականգնվել է ԼՂ գազի մատակարարումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ՝ ակամա լինելով շրջափակման տարբեր կողմերում: ԼՂ-ում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում պարենի դեֆիցիտ է նկատվում: Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողություններն ապօրինի են եւ կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները:

Հայտարարության 6-րդ կետի համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է  ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո եւ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների երթեւեկության անվտանգությունը: Այս դրույթը, փաստացի այսօր չի իրագործվում:

Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաեւ Ռուսաստանի  խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետեւանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետեւ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են  ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: