ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը որոշել է հետաձգել զինվորների երդման արարողությունը․ Ֆելիքս Ցոլակյանն արտահերթ նիստ է հրավիրել

Դավիթ Տոնոյանը որոշել է հետաձգել զինվորների երդման արարողությունը․ Ֆելիքս Ցոլակյանն արտահերթ նիստ է հրավիրել

Փետրվարի 12-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) արտահերթ նիստ, որի նպատակն էր քննարկել հանրապետությունում եղանակային պայմանների, մասնավորապես ձնաբքի պատճառով տիրող իրավիճակը, որի հետևանքով ճանապարհներին առաջացել են մեքենաների կուտակումներ:

Նախարարի խոսքով, փետրվարի 11-ի երեկոյան ժամերից սկսած մինչ այժմ սաստիկ բքի պատճառով շարունակում է փակ մնալ Մ2 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը։ Ճանապարհի այդ հատվածում մեքենաների կուտակումները հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ զինվորների ծնողները գնում են մասնակցելու զինվորների երդման արարողությանը: Ստեղծված իրավիճակով պայմանավորված, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը որոշել է հետաձգել զինվորների երդման արարողությունը:

Նախարարը նշեց, որ շատերն արդեն իրազեկված են, որ տվյալ ճանապարհներն անանցանելի են, բայց քաղաքացիների մի մասը որոշել է շարունակել ճանապարհը:

Նախարարը ևս մեկ անգամ նշեց, որ հանրությանը պետք է հորդորել՝ պահպանել զգուշություն ու շարունակել երթևեկությունը միայն եղանակային պայմանների լավացումից և ճանապարհների անցանելի դառնալուց հետո, իսկ օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել Սյունիքի մարզպետարան, Գորիսի և Սիսիանի համայնքապետարաններ։

 

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Ճանապարհային ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունը ճանապարհին, ԱԻՆ փրկարարական ուժերն աշխատում են ուժեղացված ռեժիմով:

Նախարարն առաջարկեց կենտրոնացնել լրացուցիչ ուժեր և տեխնիկա՝ համագործակցելով տարածքային կառույցների, ոստիկանության և ճանապարհաշինական կազմակերպությունների հետ:

Քննարկման արդյունքում որոշվեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները տեղերում շրջայցեր կատարեն և պատրաստ լինեն հոգալ այն քաղաքացիների մասին, որոնք մնացել են ճանապարհին ու աջակցության կարիք ունեն։

Հաշվի առնելով շտաբի անդամների առաջարկությունները, նախարարը հանձնարարեց պարբերաբար հանրությանն իրազեկել անանցանելի ճանապարհներին տիրող իրավիճակի մասին՝ խորհուրդ տալով քաղաքացիներին զերծ մնալ անանցանելի ճանապարհներով երթևեկելուց:

  • Կիսվել: