հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Դավիթ Առուշանյանը Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է գրել

Դավիթ Առուշանյանը Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է գրել

Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում եմ գրել։ Այսուհետ իմ գործունեությունը շարունակելու եմ Ազգային ժողովում։ Իմ պաշտոնավարման ընթացքում եկել եմ այն եզրահանգման, որ իներցիոն կառավարումից խուսափելու համար անհրաժեշտ է կառավարման նոր համակարգեր ներդնել, չվախենալ ռեֆորմներից (ինչքան էլ դրանք ցավոտ լինեն), չառաջնորդվել անձնական ամբիցիաներով. նշվածին մասամբ հասել եմ։

Ի հեճուկս բոլոր հուշագրերի՝ շատ կարևոր է գործել միասնական թիմով՝ հակառակ դեպքում ունենալու ենք մասնատված կառավարում, որը շատ դեպքերում խոչընդոտում է ծրագրերի իրականացմանը և անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար։ Իմ աշխատանքի ընթացքում մեծ դեր է ունեցել մեր թիմը, որը վստահել և աջակցել է ինձ իմ նախաձեռնություններում։ Մենք համախմբված ենք մեկ գաղափարի շուրջ և վստահ քայլերով գնում ենք առաջ։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց համարել են թիմի անդամ և կանգնել իմ կողքին. վստահեցնում եմ՝ ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ։ Հաջողություն եմ մաղթում իմ բոլոր գործընկերներին, պարոն Պապիկյանին և պարոն Սամսոնյանին՝ այս բարդ և պատասխանատու գործում։ Ավագանու առաջին նիստի ժամանակ ես ասել եմ հետևյալը.《Ուզում եմ նաև կարևորել ընդդիմության դերը։ Յուրաքանչյուր իշխանություն իր աշխատանքում հաջողում է միայն կառուցողական ընդդիմություն ունենալու պարագայում և համոզված եմ, որ մենք աշխատելու ենք միասին միայն ի շահ քաղաքի և կեղծ օրակարգերը չեն խոչընդոտելու Գյումրու զարգացմանը, քանզի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության միակ նպատակը լինելու է դա》։

Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին՝ այս խոսքերը ճիշտ ընկալելու և համատեղ աշխատանքի համար։ Սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ ձեզ՝ ձեր վստահության և գնահատականի համար։ Ուզում եմ նշել, որ մշտապես զգացել եմ ձեր աջակցությունը և անկախ ձեզանից դուք միշտ մասնակցել եք իմ կառավարման գործընթացին՝ բարձրաձայնելով իմ թերացումները և դրական գնահատելով արվածը, որը ուժ և վստահություն է տվել ինձ նոր ծրագրերի իրականացման համար։

Այս ընթացքում մեր թիմով շատ ծրագրեր հասցրեցինք անել, բայց շատերն էլ մնացին անավարտ, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ Հավաստիացնում եմ, որ ես և իմ գործընկերները շարունակելու ենք բոլոր կիսատ թողած ծրագրերը և ավելին՝ օգտագործելով օրենքով ինձ տրված լիազորությունները, աշխատանքս օրենսդիրում միտված է լինելու ի նպաստ մեր քաղաքի զարգացմանը և պատվախնդիր գյումրեցու համար արժանապատիվ կյանքի ապահովմանը։ Չէ՞ որ Գյումրին բոլորիս ՏՈՒՆ-ՔԱՂԱՔՆ է»,-նշել է նա:

  • Կիսվել: