շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դաշնակիցներից սպասելիքներ ունեինք, որոնք ամբողջությամբ չարդարացան. նախագահ

Դաշնակիցներից սպասելիքներ ունեինք, որոնք ամբողջությամբ չարդարացան. նախագահ

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա են, եւ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, սակայն վերջին շրջանում խնդիրներ կան, հատկապես անցյալ տարվա սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո։ Այս մասին այսօր Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ խոսելով այն մասին, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է վստահել Ռուսաստանին` որպես անվտանգության երաշխավորի։

ՀՀ նախագահը, մասնավորապես, նշեց. ՛՛Մինչ այդ եթե Ադրբեջանը որեւէ ռազմական գործողություններ էր անում Ղարաբաղում, մենք չէինք կարող դիմել որեւէ երկրի, նկատի ունեմ` ոչ Ռուսաստանին, ոչ ՀԱՊԿ անդամներին, քանի որ ՀՀ տարածքում չէր, բայց սեպտեմբերի 13-ին կոնկրետ ՀՀ տարածքի վրա էր հարձակումը` 3 տարածաշրջաններում եւ տարբեր ուղղություններով 5-7 կմ առաջխաղացում է ունեցել Ադրբեջանը։ Սա այն դեպքն էր, որ ե՛ւ ՀԱՊԿ անդամ երկրները, ե՛ւ Ռուսաստանը մեզ պետք է ռազմական օգնություն ցուցաբերեին, մենք ակնկալում էինք նաեւ քաղաքական հայտարարություններ։ Ոչ մեկը, ոչ մյուսը չեն եղել մինչեւ հիմա՛՛:

Խաչատուրյանի խոսքով՝ չնայած դրան՝ Ռուսաստանը եւս մասնակցել է պատերազմը կանգնեցնելու բանակցություններին, որին ակտիվ մասնակցել են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

՛՛Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն կողմերին, ովքեր միջամտեցին, փոքր կամ մեծ՝ կարեւոր չէ, կարեւորը, որ պատերազմը դադարեցվեց։ Հայաստանը, ինչպես եւ Էստոնիան, փոքր երկիր է, եւ մեր անվտանգությունն ապահովելու համար միջազգային կազմակերպությունների կամ առանձին երկրների աջակցության կարիքն ունի։ Տվյալ դեպքում՝ Էստոնիան Եվրամիության, ՆԱՏՕ–ի անդամ է, որոնք քաղաքական եւ ռազմական անվտանգության երաշխավորներ են, եւ որն աշխատում է։ Մենք եւս սպասելիքներ ունեինք, որ կաշխատեին, բայց ինչ–որ առումով այդ սպասելիքներն ամբողջությամբ չարդարացան՛՛,-նշեց նա։

Բացի այդ՝ նախագահը նաեւ նշեց, որ բանակցությունները կշարունակվեն, եւ ի վերջո Հայաստանն իր դիրքորոշումը հրապարակավ կհայտարարի. ՛՛Ամեն ինչ չէ, որ անփոփոխ է մնում, ժամանակի ընթացքում ինչ–որ բաների փոփոխությունների անհրաժեշտություն առաջանում է՛՛։

Ըստ ՀՀ նախագահի՝ Ադրբեջանի ագրեսիայի տրամադրություններն աճել են. ՛՛Դրա վկայությունն են Ադրբեջանի նախագահի` 5 օր առաջ ունեցած մամուլի ասուլիսի տեսակետները, եւ մենք պետք է վստահ լինենք, որ հարձակման դեպքում մենք մենակ չենք լինելու՛՛:

  • Կիսվել: