ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դա պետականության մի նոր ճանապարհ էր․ ԲԴԽ նախագահի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Դա պետականության մի նոր ճանապարհ էր․ ԲԴԽ նախագահի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

 Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ Ուղերձում ասված է․

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի և վերածննդի մեկնարկի օրն է: Անկախությունն ու պետականությունը չեն ընծայվում. դրանց ձեռքբերման ճանապարհը դժվար և բարդ է եղել:

Մեզ հաջողվել է հաղթահարել այդ ճանապարհը ճակատագրին առճակատվելու գնով: Մայիսի 28-ի անկախության հռչակումը պատմական սխրանքի ամրագրումն էր այն սերնդի, որին վիճակված էր տեսնել ամենասարսափելին։ Մայիսյան հերոսամարտերի ընթացքում, հենց մարտի դաշտերում, ձևավորվում ու ծնվում էր հայկական բանակը։ 1915 թվականից անցել էր ընդամենը երեք տարի, և մենք, առանց պետականության՝ միայն ինքնակազմակերպման հաշվին, կռվի դաշտ հանեցինք թշնամուն արժանի հակահարված հասցնող ռազմական ուժ։

Այդ հերոսական սերնդին, սակայն, վիճակված էր տեսնել նաև ամենաերանելին՝ անկախ Հայաստանը։ Դա պետականության մի նոր ճանապարհ էր:

Առաջին հանրապետութան հռչակումը պատմական նոր հնարավորություն էր մեզ համար` վերագտնելու հաղթանակների հավատը և վերաիմաստավորելու հայրենասիրության հավաքական ուժը: Այն մեր ժառանգությունն է, մեր պատմությունը, որի հետ առերեսվելը հպարտություն է և ոգեղենության հզոր աղբյուր:

Այսօրվա Հայաստանը ժառանգել է առաջին հանրապետության պետական խորհրդանիշները, ժառանգել է նաև  բովանդակությունն ու պատգամները. Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, Հայաստանն այսօր աշխարհին է ներկայանում՝ որպես ժողովրդավարական արժեհամակարգ կրող երկիր և շարունակում կառուցել իրավական պետություն։

Հավերժ խոնարհում բոլոր այն նահատակների հիշատակին, ովքեր հնարավոր դարձրին Մայիսի 28-ը»:

  • Կիսվել: