շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դա կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Ադրբեջանի իշխանության համար

Դա կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Ադրբեջանի իշխանության համար

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Ադրբեջանը նորից դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, որը կանխվել է հայկական զինուժի կողմից: Կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը որևէ բանի առջև չի կանգնում և անգամ կորոնավիրուսի այս օրերին մեկ անգամ չէ, որ փորձում է դիմել ռազմական շանտաժի:

 

Այո, իրավացի եք, Ադրբեջանը վերջերս դիվերսիոն ներթափանցման հերթական փորձն արեց, որը հետ է մղվել հակառակորդին կորուստներ պատճառելով: Հիշեցնեմ նաև, որ այդ դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր հայտարարություն տարածել Արցախի նորընտիր նախագահի Շուշիում տեղի ունեցած երդմնակալության վերաբերյալ՝ նշելով, որ իրենք պատրաստ են ցանկացած գործողությունների և, ըստ էության, դրան հաջորդել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձը: Իրավացի եք, Ադրբեջանը վերջին շրջանում թե իր հայտարարությունների, թե սադրիչ գործողությունների տեսքով փորձում է լարել իրավիճակը:

Հաշվի առնելով Ադրբեջանի ՊՆ ղեկավարի ռազմատենչ հայտարարությունները, ի՞նչ կարող ենք ակնկալել առաջիկայում, որքանով է հավանական, որ Ադրբեջանը կարող է հերթական անգամ սադրանքի դիմել: Ընդհանրապես, համաճարակի հետ կապված Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը որքանո՞վ է բարդացել:

Ես կարծում եմ, որ, այո, դա կապված է որոշակիորեն ներքաղաքական զարգացումների հետ, բայց պետք է նաև նշեմ, որ Ադրբեջանում իշխանությունների դեմ հստակ տրամադրություններ են նկատվում: Վերջին շրջանում քննարկումները դրա հետ կապված շատ են, և այդ ֆոնի ներքո Ադրբեջանը նաև ձերբակալում է  ընդդիմադիր որոշ գործիչների՝ օգտվելով կորոնավիրուսի արդյունքում ստեղծված սահմանափակումներից: Այնտեղ շատ հետաքրքիր գործընթացներ են ընթանում, Ադրբեջանը որոշ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հեռացրեց պաշտոններից, բայց եթե ուշադիր լինենք, թե որ տարածքներից է ղեկավարներ հեռացնում՝ մեղադրելով նրանց կաշառակերության կամ լավ չծառայելու մեջ, ապա դրանք այն տարածքներն են, որտեղ Ադրբեջանի իշխող ընտանիքի պլանները չեն իրականացել խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ: Այսինքն, ամբողջությամբ իրենց պլանավորածը չկարողացան իրագործել, և այդ տարածքների ղեկավարներին են հենց հեռացնում:

Ինչ վերաբերում է համաճարակին, ապա նավթի գների հետ կապված տատանումներն են բավականին բարդ իրավիճակ ստեղծում Ադրբեջանի համար: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը նաև այդ պատճառով է գնում սադրիչ գործողությունների, սակայն չեմ կարծում, թե նրանք այս փուլում կգնան լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ հաշվի առնելով, թե դա ինչ միջազգային արձագանքներ կարող է ստանալ: Ներքաղաքական իրավիճակն էլ, իմ կարծիքով, նպաստավոր չէ, դա կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Ադրբեջանի իշխանության համար: Բայց նրանք միտված են որոշակիորեն լարվածություն ստեղծելուն, և տարբեր հայտարարությունների ու սադրիչ գործողությունների միջոցով նպաստում են դրան:

Ես վստահ եմ, որ Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանք ու քայլ համարժեք պատասխանի է արժանանալու մեր կողմից: Նաև հաշվի առնելով բանակային բոլոր ռեֆորմները, առկա բարոյահոգեբանական վիճակը, ես վստահ եմ, որ ցանկացած զարգացման դեպքում մենք պատրաստ ենք պաշտպանելու ազատ ապրելու մեր իրավունքը:

 

  • Կիսվել: