Չուվաշիայում ստորգետնյա գազատարի արտահոսքից հետո պայթյուն է որոտացել. նախնական տվյալներով՝ կա երեք զոհ
Չուվաշիայում պայթյուն է որոտացել Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ մայրուղային գազատարի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ Յամբախտինո գյուղի մոտ՝ Չեբոկսարիից մոտ 50 կիլոմետր դեպի հարավ, տեղի է ունեցել արտահոսք, որին էլ հաջորդել է հրդեհ ստորգետնյա գազատարում։
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել շինմոնտաժային աշխատանքների ժամանակ։
Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ գազատարը ռուսաստանյան կապույտ վառելիքը Սիբիրից Եվրոպա է հասցնում Ուկրաինայի տարածքով։ Խողովակաշարը հատում է ռուս-ուկրաինական սահմանը Կուրսկի շրջանի Սուդժա կայարանի մոտ։
Ավելի ուշ ՌԻԱ Նովոստի-ն հայտնել է երեք զոհի և մեկ վիրավորի մասին:



