կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Չի կարող մարդն ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ և այդ ուրիշների կամակատարը չլինել. Սերժ Սարգսյան

Չի կարող մարդն ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ և այդ ուրիշների կամակատարը չլինել. Սերժ Սարգսյան

Այսօր իր ՛՛Բանակցային առաջնագծում՛՛ գրքի շնորհանդեսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան ասաց, որ ինքը չգիտի, թե Հայաստանն այսօր ինչ է բանակցում խաղաղութհան վերաբերյալ:

՛՛Չեմ կարող 100 տոկոսով որեւէ բան ասել, որովհետեւ, ինչպես հայտնի է,ՀՀ կառավարիչներն օրումեջ կարծիք են փոխում՛՛,-նշեց նա՝ հավելելով. ՛՛Նրանք նույնիսկ այլ տեղերից հայթայթված փաստաթղթերը համարում են կեղծ, ասում են՝ այդպիսի բան չի եղել, թեեւ մենք երբեք չենք փորձել որեւէ լուր կամ որեւէ կեղծ տեղեկություն մեր հանրությանը հայտնենք, որովհետեւ մենք չենք ուրախանում այն փաստից, որ սրանք այդքան զիջողական են եւ այդքան մեզ ստորացնում են: Մենք մեզ հավասարապես ստորացված ենք համարում այդպիսի անատամ բանակցային գործընթացի համար:

Դուք ամեն օր ականատես եք լինում այն տխուր իրավիճակին, որ կա ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ սահմաններին: Ինչքան էլ փորձեն դա ներկայացնել բանակցային հմտություն կամ բանակցային քաղաքականություն, դա իրականությանը չի համապատասխանում, նրանք պարզապես փորձում են Արցախը զոհաբերելու միջոցով փրկել Հայաստանը, ինչն ակնհայտ է՛՛:

Լրագրողի հարցին, թե 2018-ին հրաժարական տվեց, որ ինքը չստորագրի նոյեմբերի 9-ի հայտարարության տիպի որեւէ հայտարարությո՞ւն, երրորդ նախագահը պատասխանեց. ՛՛Խորհուրդ կտամ իմ աշխատակազմի կողմից հրատարակած ժողովածուին ծանոթանալ: Բացի դրանից, ականատես մարդիկ հաստատում են, որ ես պատրաստ եմ եղել մեր կարմիր գծերը չանցնելով խնդրին լուծում տալ: Իսկ այդ հեքիաթները, ովքեր պատմում են, իրենց ասեք, որ լավ հեքիաթագիր չեն՛՛:

Բացի այդ՝ լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչու Սարգսյանը չկանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին ու չասաց՝ պատրաստ ենք կանգնել քո կողքին, որպեսզի փոխզիջումային տարբերակով Արցախի հարցը լուծվի, փոխարենը իր թիմը հայտարարում էր, որ Փաշինյանը եկել է Արցախը հանձնելու, հողատու դառնալու:

Այս առնչությամբ Սարգսյանն ասաց. ՛՛Դուք պետք է շատ պարզ ճշմարտություն հասկանաք, որ կանգնում են ոչ թե անձի կողքին, այլ այն գաղափարի կողքին, որ կրում է անձը: Լեւոն Տեր-Պետրոսյանը տեսնում էր, որ այո, ես պատրաստ եմ փոխզիջման, բայց դա չի անցնում այն նվազագույն պայմանները, որը հնարավորություն կտար ԼՂ-ին եւ Հայաստանին չլինել ստորացված, որ հնարավորություն կտար արցախցիներին ապրելու Ադրբեջանի կազմից դուրս: Իսկ մենք ո՞ր գաղափարի շուրջ պետք է կանգնեինք իշխանության կողքին: Այն գաղափարի, որ ասում էր՝ ոնց ուզում ենք, այդպես բանակցո՞ւմ ենք, այն գաղափարի, որ ասում էր՝ մենք մեզ գժի տեղ ենք դնելու, այս բանակցային պրոցեսը տապալենք, ու մենք սկսում ենք սեփական կետից: Չի կարող մարդը ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ եւ այդ ուրիշների կամակատարը չլինել: Ակնհայտ էր դա ամբողջովին: Մենք ուղղակի մեզ զսպում էինք՛՛:

 

  • Կիսվել: