շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Չի կարող Հայաստանում որևէ պաշտոնյա հայտարարել, որ ինքը չի կատարելու դատարանի ակտը, իհարկե կատարելու է․ ԲԴԽ նախագահը՝ Արսեն Թորոսյանի մասին

Չի կարող Հայաստանում որևէ պաշտոնյա հայտարարել, որ ինքը չի կատարելու դատարանի ակտը, իհարկե կատարելու է․ ԲԴԽ նախագահը՝ Արսեն Թորոսյանի մասին

Հայաստանում չի կարող որևէ մեկը, որևէ պաշտոնյա հայտարարել, թե ինքը չի ընդունում դատարանի կայացրած ակտը և չի կատարելու այն, այս մասին 168.am–ի հետ զրույցում հայտարարել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԲԴԽ–ն մեկնաբանում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններն այն մասին, որ ինքը չի պատրաստվում կատարել դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որովհետև դատարանները չեն վայելում ժողովրդի վստահությունը։

«ԲԴԽ-ում արձագանքել-չարձագանքելու հարցը քննարկվել է…Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի հայտարարությանը, ես ժպիտով եմ վերաբերվում այդ հարցին: Բոլորս տեսնում ենք Արսեն Թորոսյանի այսօրվա ծանրաբեռնվածությունը և այն աշխատանքը, որը նա կատարում է: Այդ հոգնածությունը հասկանում ենք: Դրա հետ մեկտեղ՝ նաև հասկանում ենք նրա վրդովմունքը, զայրույթը, որ գործ է պարտվել դատարանում: Բայց չի կարող Հայաստանում որևէ քաղաքացի, որևէ պաշտոնյա հայտարարել, որ ինքը չի ընդունում դատարանի ակտը և չի կատարելու այն: Իհարկե կատարելու է: Չի կարող կառավարության անդամը դատական ակտը չկատարել: Ընդամենը այսքանը»,– ասել է նա:

 

ԲԴԽ նախագահը նշել է, որ եթե Թորոսյանը չկատարի, ապա հետևանքներ կլինեն: «Դրա պատասխանատուն ԲԴԽ-ն չէ: Դրա պատասխանատուն դատական իշխանությունը չէ: Եթե մյուս կողմը կատարողական թերթ վերցնի և ներկայացնի Հարկադիր կատարման ծառայությանը, նրան կպարտավորեցնեն դա անել: Ի վերջո, քաղաքացիական դատավարությունը մրցակցային դատավարություն է, բայց մեծ առումով համարում եմ, որ չի կարող որևէ մեկը ՀՀ-ում որոշել, որ ինքը չի կատարելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»,– աասել է նա:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը որոշել է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է հրապարակային հերքի և ներողություն խնդրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանից՝ Ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ արած արտահայտությունների համար: Վճռաբեկի որոշումից հետո Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ դատական համակարգը չի վայելում ժողովրդի մեծամասնության համակրանքը և կարիք ունի բարեկարգումների:

168.am–ի հետ զրույցում առողջապահության նախարարի փաստաբան Գևորգ Գյոզալյանն ասել էր, թե սկսած երրորդ դատից հետո ինքն ի լուր հանրության բարձրաձայնել է, որ այս դատը քննվում է մաքսիմալ սուբյեկտիվ շահի վրա, և այս գործով դատավորները չեն եղել անաչառ, այնպես, ինչպես պահանջում է հենց իրենց առաքելությունը, իսկ ճշտող հարցին, թե և Առաջին ատյանի, և Վերաքննիչ, և թե Վճռաբեկ դատարանները (վերջինս, ի դեպ, վարույթ չի ընդունել փաստաբանի բողոքը) սուբյեկտի՞վ են եղել, պատասխանել է` այո։ Հարցին, թե ԲԴԽ նախագահն ինչպես կմեկնաբանի փաստաբանի հայտարարությունը, և արդյոք պատրաստվում է դիմել Փաստաբանների պալատին` այս հայտարարության առնչությամբ, Ռուբեն Վարդազարյանն ասել է․
«Իհարկե, ոչ: Սուբյեկտիվ կարծիք է հայտնել: Գտնում է, որ դատարանը կողմնակալ մոտեցում է ունեցել, թող ինքնաբացարկի միջնորդություն հայտներ, գտնում է, որ դատարանն օրենք է խախտել և ոչ օրինական, ոչ օբյեկտիվ դատական ակտ է կայացրել, թող դիմի Հատուկ քննչական ծառայությանը` դատավորի նկատմամբ քրեական պատասխանատվության հարց բարձրացնելով:
Գտնում է, որ դատավորն օրենք է խախտել, թող դիմի կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմիններին` արդարադատության նախարարին և դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողովին: Ուղղակի մերկապարանոց հայտարարություն անել, թե դատարանն օբյեկտիվ չի եղել, դատարանն ուղղվածություն է ունեցել…Եթե մենք բոլոր նման հայտարարություններին փորձենք արձագանքել, մենք առավոտից երեկո զբաղվելու ենք նման արտահայտություններին պատասխանելով կամ դրանք հերքելով»:

Նյութ ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: