հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Չի կարելի այս կարգի անտեսել քաղաքացու կողմից ստացած մանդատը․ Վարդանյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Չի կարելի այս կարգի անտեսել քաղաքացու կողմից ստացած մանդատը․ Վարդանյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

«Առավել հարգալից կլիներ հիմնական զեկուցողի  հանդեպ, եթե մենք մեր ելույթներում  անդրադառնայինք այն բովանդակային աշխատանքին, որը 2․5-3 տարիների ընթացքում  կատարվել է, որպեսզի մենք ունենանք Քրեական արդարադատության արդիականացման նոր համակարգ»,- ԱԺ նիստի ընթացքում նման դիտարկում արեց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Այն իրավիճակը, որն այսօր առկա է  դահլիճի աջ մասում, որևիցե եղանակով թույլ չի տալիս մեզ անդրադառնալ բովանդակային հատվածին, որովհետև  այսօր, կարծես, այս աշխատանքը որևիցե  մեկին հետաքրքիր չէ, որևիցե առարկություն չկա։ Բայց, չգիտես ինչու, համոզմունք կա, որ եթե այս նախագծով ինչ-որ մեկի եղունգի մի հատվածը տրորվի, անմիջապես մեր ընդդիմադիր գործընկերները վիճարկելու են օրենքը Սահմանադրական դատարանում»,- նշեց Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով, կարելի է քաղաքական պահանջ ներկայացնել,  խոսել քաղաքական անհամաձայնության վերաբերյալ,  օգտագործել քաղաքական պայքարի տարատեսակ մեթոդներ՝ ներառյալ բոյկոտը․ « Բայց այն, ինչ կատարվում է  այսօր, ըստ էության, պետականության և իրավունքի գերակայության մերժում է»։  

Ըստ Վարդանյանի, կանցնեն տարիներ և որևիցե մեկը չի հիշի՝ ով է եղել խորհրդարանում, ինչ քաղաքական ուժեր են եղել այս կամ այն օրենքը քննարկելիս, այլ լինելու է օրենք, օրենքին համապատասխան որակ,  առավելություններ կամ թերություններ․« Չի կարելի այս կարգի անհարգալից վերաբերմունք դրսևորել օրենսդրական  գործընթացի նկատմամբ, չի կարելի այս կարգի անտեսել քաղաքացու կողմից ստացած մանդատը։  Չի կարելի դասից փախչողի հոգեբանությամբ փորձել  լավ գնահատականներ ստանալ, թե ծնողների, թե  ուսուցիչների, թե համադասարանիցների կողմից։  Ուրիշ օրինակ չեմ կարող բերել, ավելի հարմար օրինակ չկա»,- նշեց Վարդանյանը՝ դիմելով նստերի դահլիճից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին․ «Խորհրդարանը հասարակության հայելին է, բայց, կարծում եմ, մեր հասարակությունը շատ ավելի լավ պատկեր ունի, քան այս խորհրդարանը՝ հայելին լավ մաքերս, մի քիչ էլ  նորոգես շատ ավելի հաճելի կլինի»։

Վարդանյանն ընդգծեց, որ շարունակելու են աշխատանքները քրեական նոր օրենսգրքի ամբողջացման առումով․ «Փորձ ենք կատարելու վերջին շտրիխներն ամփոփել, որ քրեական արդարադատության կոլապսը, որը  փորձում են «ապահովել» նաև ԱԺ նիստերից բացայակելու միջոցով,  այդպես էլ չդառնա իրականություն»։

  • Կիսվել: