շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չի կարելի այս աստիճան նվաստացնել նախագահական ինստիտուտն ու նախագահի անձը. Նորիկյան

Չի կարելի այս աստիճան նվաստացնել նախագահական ինստիտուտն ու նախագահի անձը. Նորիկյան

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի՝ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու մասին դատական նիստին միջնորդություն ներայացնելուն:

«Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը դատական նիստի ընթացքում միջնորդություն է ներկայացրել՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու մասին՝ ակնկալելով վերջինիցս ճշտել, թե ընտրությունների օրվա նշանակման հետ կապված իր վրա որևէ ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ:

Այսինքն՝ դատավոր Հրայր Թովմասյանը, նման միջնորդություն ներկայացնելիս, ողջամտորեն ակնկալիք ունի, որ նախագահ Սարգսյանը դատարան գալու դեպքում կարող է հայտնել, որ իր վրա ճնշում է գործադրվել:

Ինչպիսի վերաբերմունք էլ ունենաս քաղաքական իշխանության կամ այս կամ այն անձի նկատմամբ, չի կարելի այս աստիճան նվաստացնել նախագահական ինստիտուտն ու նախագահի անձը:

Այսինքն նախագահ Արմեն Սարգսյանը պետք է գա դատարան և ասի, որ իրեն ճնշե՞լ են:

Վստահ եմ, որ դատավոր Հ. Թովմասյանը նույնպես համոզված է, որ նախագահ Սարգսյանը չի կարող հանդես գալ նման հայտարարությամբ, հետևաբար՝ այս վարքագծի դրսևորմամբ փորձ է արվում մի կողմից ստորացնել նախագահական ինստիտուտն ու նախագահի անձը, մյուս կողմից՝ անլրջացնել սահմանադրական արդարադատության իրականացման գործընթացը...»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն արդեն երկու անգամ մերժել է նախագահին որպես վկա հրավիրելու՝ Հրայր Թովմասյանի միջնորդությունը:

 

  • Կիսվել: