շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին․ Արմեն Սարգսյան

Չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի գլոբալ հանդիպմանը, որն առցանց ձևաչափով անցկացվել է «Զորացնելով համընդհանուր մարդկայնությունը» խորագրով: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

««Հորասիսն» անկախ միջազգային «թինք-թանք» հարթակ է, որն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների, տարբեր ոլորտներում որոշումներ կայացնող առաջնորդների հետ: Առցանց հանդիպմանը մասնակցել են տարբեր երկրների առաջնորդներ, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների, խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, հեղինակավոր փորձագետներ:

Հայաստանի նախագահը հանդես է եկել որպես հիմնական բանախոս՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց չվերադարձնելու խնդրին: «Հրադադարից հետո հարյուրավոր հայ ռազմագերիներ դեռ պահվում են Ադրբեջանում: Հայկական կողմը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը դա չի արել», -ասել է նախագահ Սարգսյանը: -Պատերազմից հետո դեպի ապագա նայելու համար պետք էր կայունության և հարևանների հետ վստահության մթնոլորտ ձևավորելու մասին մտածել: Սակայն չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին»:

Քննարկման խորագրի համատեքստում նշելով, որ մարդկային լինելը անհրաժեշտություն է, նախագահ Սարգսյանն ասել է, որ այս պահին մենք նման վարքագծի դրսևորման ազգանշան ենք ակնկալում հարևան Ադրբեջանից:

Շարունակելով մարդկայնության թեման՝ Հայաստանի նախագահն ասել է, որ մենք պետք է հասկանանք, որ այս աշխարհը կտրուկ փոխվել է: «Այն պահին, երբ հասկանանք, պետք է մտածենք, թե ինչպես ապրենք այս աշխարհում: Մենք պետք է փոխենք մեր վարքագիծը, որից հետո կկարողանանք ավելի լավատես լինել և ասել, որ հաջողությամբ կապրենք այս փոփոխվող աշխարհում,- նշել է Հանրապետության նախագահը: -Ես իմ խոսքով, իմ օրինակով պետք է ցույց տամ, որ այս մութ թունելի վերջում կա լույս, իսկ այդ լույսն այն է, որ դու պետք է ունենաս հստակ պատկերացում, հստակ առաքելություն, իմանաս՝ ինչ պետք է անես, ունենաս ռազմավարություն, քրտնաջան աշխատես, լինես կարգապահ: Այս դեպքում, իհարկե, լավատեսություն կլինի և դու կրկին կկառուցես ուժեղ Հայաստան»:

Մարդկայնության թեմայի շրջանակում նախագահ Սարգսյանը խոսել է սիրո մասին. «Դա այն բաղադրիչն է, առանց որի մենք չենք կարող վերակառուցել Հայաստանը, ինքներս մեզ, վերագտնել հույսը, որ կրկին դառնալու ենք ուժեղ երկիր: Մենք պետք է իսկապես սիրենք մեր ժողովրդին, մեր երեխաներին, դրա համար պետք է շատ աշխատենք, լինենք կարգապահ և հասկանանք երկիրը վերակառուցելու ռազմավարությունն ու առաքելությունը: Նույն կերպ, մեր երեխաների ապագայի մասին մտածելով՝ պետք է հոգ տանենք բնության մասին Հայաստանում և այլուր: Հայաստանում տնկված ցանկացած ծառ նպաստում է ողջ աշխարհի կլիմային: Ուստի մենք պետք է դա անենք ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Հայաստանում մեծ թափ է ստացել «կանաչ շարժումը»՝ ուղղված բնության, ժառանգության պահպանմանը: Այս մասին պետք է նոր սերնդի հետ շատ խոսենք, կիսենք մեր փորձառությունը»: Նախագահը նշել է, որ ցավ կապրի, եթե տարիներ հետո ստիպված լինի ասել, թե աշխարհն անցնում է խորը ճգնաժամի միջով, քանի որ տարիներ առաջ մենք այնքան խելացի չենք եղել՝ ճիշտ որոշումներ ընդունելու, պահպանելու և պաշտպանելու բնությունը, վերափոխելու ինքներս մեզ, որպեսզի բնության հետ ներդաշնակ ապրենք:

Պատասխանելով մոդերատորի այն հարցին, թե՝ որքանո՞վ է դժվար երկրի կամ ժողովրդի համար սիրել հարևանին, եթե կա պատերազմ, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Սերը տարբեր դրսևորումներ ունի: Երբ խոսում եմ սիրո մասին, նախ նկատի ունեմ անհատի սերը ընտանիքի, բարեկամների, երկրի, բնության նկատմամբ: Սեր է նաև այն, երբ սիրում ես լինել մարդ և ապրել մարդկային գիտակցությամբ, ունես բարոյականության մակարդակ: Դա օգնում է նաև հարևանների հետ հարաբերություններում:

Սիրել չի նշանակում, որ եթե ունես ողբերգական պատմություն, այն էլ այնպիսին, ինչպիսին հայկականն է Թուրքիայի պարագայում, կարող ես վաղն անմիջապես անցնել հարաբերությունների կարգավորմանը: Սակայն դա այն ճանապարհն է, որով պետք է սկսես անցնել այսօր: Հայերն ու թուրքերը չեն կարող փորձել միասին ևս 100 կամ 200 տարի ապրել առանց գիտակցելու, որ պետք է առնվազն հարգել միմյանց իրավունքները: Իսկ թե միմյանց հանդեպ հարգանքը կարելի՞ է սեր անվանել, դուք որոշեք: Սակայն կարևոր է միմյանց իրավունքները հարգելը:

Եթե այսօր Ադրբեջանը վերադարձնի ռազմագերիներին Հայաստան, վստահեցնում եմ, որոշ հայեր ինչ-որ կերպ, թեկուզ դժվարությամբ, սակայն կգնահատեն դա»»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: