ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չեք կարծո՞ւմ, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել Սահմանադրության վրա, այն սարքել պոլի շոր․ Զոհրաբյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

Չեք կարծո՞ւմ, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել Սահմանադրության վրա, այն սարքել պոլի շոր․ Զոհրաբյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

Այսօր խորհրդարանում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը բավական բուռն քննարկվեց ու քննադատության ենթարկվեց ընդդիմության կողմից։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախագծի ընդդիմախոսներից էր, և դրա հեղինակ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանից հետաքրքրեց․

«Չեք բացառո՞ւմ, որ տեսականորեն կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ դուք խորհրդարանին օժտեք մի լիազորությամբ ասենք՝ չեղարկել խորհրդարանական ընտրությունները, չեղարկել ՏԻՄ ընտրությունները, Հայաստանը հռչակել միապետություն ու ինչ ուզեք անեք։ Չեք կարծո՞ւմ, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել Սահմանադրության վրա, Սահմանադրությունը սարքել պոլի շոր՝ ձեր ներքաղաքական այսրոպեական խնդիրը լուծելու համար ուղղակի ձևախեղել Սահմանադրությունը»։

Ի պատասխան Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի լիազորությունները տրված են ՀՀ Սահմանադրությամբ և որևէ մեկը չի կարող օրենքի մակարդակով Ազգային ժողովին լիազորություններ տալ։

«Օրենքով նշվում է, որ արտակարգ և ռազմական դրության ժամանակ հանրաքվեի չի անցկացվում, իսկ ինչ է լինում հետո, ինչպես է կարգավորվում հետագան, գործող օրենքը չի ամրագրում։ Մենք փորձում ենք այս փոփոխություններով տալ կարգավորումներ», -արձագանքեց Հովակիմյանը։

Զոհրաբյանը, սակայն անդրդվելի էր և պնդեց, որ հանրաքվեի ընթացքը և դրա հետ կապված կարգավորումների հետ կապված լուծումները Սահմանադրությունը տալիս է։

«Տիկին Զոհրաբյան, ես կյանքս կտամ, որ դուք ձեր տեսակետը պնդելու հնարավորություն ունենաք, բայց դա չի նշանակում, որ ձեր տեսակետը ճիշտ է», -իր հերթին արձագանքեց Հովակիմյանը։

  • Կիսվել: