երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Չենք կարող խոսել անվտանգության հարցերից, եթե մեր բանակը չվերականգնվի. Քոչարյան

Չենք կարող խոսել անվտանգության հարցերից, եթե մեր բանակը չվերականգնվի. Քոչարյան

Այս պահին մեր լրջագույն պրոբլեմը մեր դիմակայելու ռեսուրսների գրեթե իսպառ բացակայությունն է: Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը;

Նրա խոսքով՝ մենք չենք կարող խոսել անվտանգության հարցերից, եթե մեր բանակը չվերականգնվի:

Ըստ նրա՝ բանակցային գործընթացում մենք չպետք է լինենք նվազող կարգավիճակում: Իսկ եթե այդպիսի կարգավիճակում չլինենք, մեր բանակցային դիրքերը բոլորովին այլ կլինեն:

՛՛Այս վիճակում այս իշխանությունը ոչինչ չի կարող անել: Այս ամբողջ քաղաքական թիմը արդեն կոմպլեքսավորված է և շարժվում է միայն սեփական հետույքը փրկելու ուղղությամբ: Ուրեմն պետք է այն փոխել՛՛,-ընդգծել է երկրորդ նախագահը:

Նա նաև հավելել է, որ  իսկապես հավատում է, որ Հայաստանը կարող է լինել մեր տարածաշրջանի ամենակազմակերպված երկիրը:

՛՛Կազմակերպված՝ նշանակում է ունենալ ամենաարդյունավետ կառավարում, արդյունավետ բարեփոխումներ: Կարող է դառնալ մի երկիր, որի հետ քո գործընկերներին հաճելի է գործ ունենալ: Այսօր ոչ ոք չի հասկանում, թե Հայաստանն ինչ է ուզում:

Հիմա դու բերել ես դիրքը քո խորքում դրել, իսկ ինքը առաջ է եկել։ Դու աշխարհով մեկ գոռում ես՝ թող Ղազաստանը, Ղրղզստանը Ադրբեջանին գան հետ տանեն։ Դու ո՞ւր ես։ Մի հատ հասկանանք՝ ինչո՞ւ է այնպես ստացվել, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում բոլորն ավելի լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, որը ՀԱՊԿ-ի անդամ երկիր չէ, քան Հայաստանի հետ։ Այս պարզ հարցի պատասխանը պե՞տք է տալ, թե՞ ոչ։

Ինչո՞ւ Բելառուսը, Ղազաստանը, Ղրղզստանը Ադրբեջանի հետ ավելի լավ հարաբերություններ ունենան: Ինչո՞ւ նրանք պետք է քեզ պաշտպանեն, եթե դու քո սահմանին կանգնած չես, քո սահմանը չես պաշտպանում, դիմում ես ՀԱՊԿ-ին և դա որպես հերոսություն մատուցում քո ժողովրդին։ Հետո՞։ Սա ուղղակի զավեշտի է վերածվում: Պետությունն ունի իր մասշտաբը, որպես պետություն: Եթե դու քո հիմնական անվտանգային գործառույթը չես իրականացնում, ո՞վ ես դու ընդհանրապես և ինչո՞ւ քեզ հետ պետք է հաշվի նստեն: Ապտակն ապտակի հետևից ստանալու ես՛՛,-ասել է նա:

Քոչարյանի կարծիքով՝ մեր մարդկային կապիտալը հնարավորություն է տալիս էական առավելություն ունենալ այս տարածաշրջանում:

՛՛Այդ մարդկային կապիտալը պետք է ճիշտ դրսևորումներ ստանա և ճիշտ միջավայրում հայտնվի: Այդ միջավայրի ստեղծողը պետք է կառավարությունը լինի, ազգի էլիտան պետք է կարևոր դերակատարություն ունենա: Եթե չեմ սխալվում՝ Իսրայելի վարչապետերից մեկը՝ Գոլդ Մեյերը, հետաքրքիր խոսք ունի. «Եթե ուզում ես լավ երկիր կառուցել, լավ վարձատրիր զինվորականին, բժշկին և ուսուցչին՛՛,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը:

  • Կիսվել: