չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Վարչապետի խոսնակ

Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Վարչապետի խոսնակ

Չեմ պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի տարածման հետ կապված սկանդալից հետո իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը:

Խոսակցություններ կան, որ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն`Վարդան Հակոբյանը, կարղ է հրաժարական տալ, ճի՞շտ է արդյոք, որ կատարվածի պատասխանատվությունը նա միայնակ կրի, Մանե Գեւորգյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ ուզում այստեղ մեղավորներ գտնել, եթե Վարդան Հակոբյանը գնա, ես ինձ մեղավոր կզգա՞մ` ոչ, իհարկե ոչ»:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի նախօրեին Վարդան Հակոբյանի տարածած հայտարարությունը, որում Հակոբյանն ասում էր, որ ինքն ու Մանե Հակոբյանը ուղիղ եթերի ժամանակ նույն սենյակում են գտնվել եւ ինքը ասել է. «Մենք rec ենք», եւ իր պարտականությունների մեջ չի մտել այդ մասին տեղեկացնել վարչապետին, խոսնակը նշեց, որ չի ուզում ներքաշվել այս շարունակական երկխոսության մեջ:

«Չեմ  ուզում պատասխանեմ, չեմ ուզում ներքաշվեմ այս շարունակական երկխոսության կամ մեղադրանքների մեջ եւ պատասխանել իրենց այն ձեւով, որով իրենք են  պատասխանում, որովհետեւ վստահ եղեք, ասելիքները շատ են, բայց չեմ ուզում»:

Դիտարկմանը, որ Վարդան Հակոբյանը իր հայտարարությունում կարծես կատարվածի համար պատասխանատվությունը դնում է խոսնակի վրա, Մանե Գեւորգյանը պատասխանեց.

 «Տեսնում եմ, տեսնում եմ, դա շատ բնութագրող է իրենց, բայց ես չեմ ուզում որեւէ մեկնաբանություն տալ այս հարցով, չեմ ուզում շարունակություն լինի, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ուղիղ եթերով խոսեց տեսանյութի տարածման վերաբերյալ, տեսնենք՝ դեպքերը ինչպես կզարգանան»:

Նշենք, որ ապրիլի 18-ին համացանցում տարածվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 17-ի ուղերձի ոչ եթերային կադրերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։

Ազատման դիմում էր գրել նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։

  • Կիսվել: