երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Չեմ խուսափելու գնահատականներ տալուց». ՄԻՊ թեկնածու

«Չեմ խուսափելու գնահատականներ տալուց». ՄԻՊ թեկնածու

Ազգային ժողովը շարունակում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ՄԻՊ-ի թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին հիշեցրեց, որ ինքը խոսել է ատելության խոսքի դեմ սկզբունքային դիրքորոշման մասին, մինչդեռ ԱԺ ամբիոնից վերջին երեք տարիներին հնչել են բավական սուր ու անթույլատրելի հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակել են ատելության խոսք:

«Մասնավորապես, «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք, շպրտենք դուրս»: Խնդրում եմ ձեր հստակ դիրքորոշումը հայտնել վարքագծի վերաբերյալ, տալ հստակ գնահատական, որը հարիր չէ ոչ միայն պետական պաշտոնյային, այլ նաև պետության առաջին դեմքին», - նշեց Ղազինյանը:

Քրիստիննե Գրիգորյանն էլ նշեց, թե ատելության խոսքի, հարգանքի, քաղաքակիրթ բանավեճի նշաձողը բոլորի ձեռքում է ու բոլորը պետք է բարձր պահեն այդ նշաձողը:

«Ես հետևողական եմ լինելու ու չեմ խուսափելու գնահատականներ տալու առումով, որովհետև կարծում եմ`որևէ հանրային դերակատար պետք է մեծ հոգածությամբ վերաբերվի այն մթնոլորտին, որի պատասխանատուն մենք բոլորս ենք», - ընդգծեց ՄԻՊ թեկնածուն:

  • Կիսվել: