երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Չեմ հավատում, թե բանավեճ են ուզում. Ռուբինյանը՝  «Հայաստան» խմբակցության մասին

Չեմ հավատում, թե բանավեճ են ուզում. Ռուբինյանը՝ «Հայաստան» խմբակցության մասին

Ես երկու տարբերակ ունեմ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության հայտարարությունների վերաբերյալ. առաջինն այն է, որ ՛՛Հայաստան՛՛ խմբակցությունը չի կողմնորոշվում, թե ինչ է ուզում, եւ երկրորդ տարբերակը՝ գուցե խմբակցության ներսում տարաձայնություններ կան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՛՛Հայաստան՛՛ խմբակցությունը նշել է, թե որ պատրաստ են քննարկման իշխանությունների եւ Փաշինյանի հետ, եթե ֆորմատը բաց լինի:

Ռուբինյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Տարօրինակ բաներ են լինում. մե՛կ ՛՛Հայաստան՛՛ խմբակցությունը քննարկումներ է հրավիրում, օրինակ, անվտանգության թեմայով, որին գալիս են ԳՇ պետի առաջին տեղակալն ու սահմանապահ զորքերի հրամանատարը, իրենք ասում են՝ մենք կակնկալեինք, որ քաղաքական ղեկավարներ գան, որ քաղաքական բնույթի հարցերի պատասխանեին, մե՛կ էլ, երբ քաղաքական ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը՝ վարչապետն իրենց առաջարկում է փակ ֆորմատով հանդիպում, բուն առաջարկի ժամանակ, տպավորություն է ստեղծվում, որ առնվազն դրան դեմ չեն, հետո ասում են՝ չէ, դեմ ենք փակ հանդիպմանը: Իսկ եթե բաց քննարկում են ուզում, դա երեկ է եղել, մյուսն էլ կլինի կառավարության հետ հաջորդ հարցուպատասխանի ժամանակ՛՛:

Նա հավելեց, որ իրենց մասով առաջարկը մնում է բաց:

Լրագրողների դիտարկմանը, որ իշխանությունն անլրջացնում է գործընթացը՝ ասելով, որ խաշ է հասունանում, Ռուբինյանը պատասխանեց. ՛՛Եթե խաշը պիտի կաշկանդի, ուրեմն՝ ընդդիմության գործերը լավ չեն: Եթե խոսքը հարցեր տալու եւ դրանց պատասխանները ստանալու մասին է, ինչ կապ ունի, թե վերջին խոսքն ումն է: Իսկ եթե ուզում են բանավեճ, չեմ հավատում, այլապես բանավեճի կգային քարոզարշավի ժամանակ՛՛:

  • Կիսվել: