շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չարենցի հուշարձանի մոտ քաղաքական ակցիայից հետո նամակներ են ուղարկվել դեսպանատներ

Չարենցի հուշարձանի մոտ քաղաքական ակցիայից հետո նամակներ են ուղարկվել դեսպանատներ

«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատներ՝ օրեր առաջ ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնու մահվան կապակցությամբ այդ երկրների դեսպանների կողմից հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ քաղաքական ակցիա իրականացնելու կապակցությամբ։ «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը դատապարտել է Հայաստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանների քայլը։

«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը խիստ վիրավորական է համարում Հայաստանում հավատարմագրված երկու դեսպանների կողմից հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ ռուսական ինչ-որ հասարակական-քաղաքական գործչի հիշատակին ծաղիկներ կամ լուսանկարներ տեղադրելը։

Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ ներկայացուցիչների նման քայլը փորձ է ներքաշել հայ ժողովրդին իրենց աշխարհաքաղաքական գործընթացների մեջ, այս քայլը ստորացնում է հայ մտավորականների դերը, նվաստացնում նրանց մշակութային արժեքը։

Երկու դեսպանատներից պահանջում ենք բացատրություն այդ քայլի համար»,- նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ փետրվարի 17-ին Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանները հայտարարել էին, որ այցելել են Եղիշե Չարենցի հուշարձան ու ծաղիկներ խոնարհել՝ «ի նշանավորումն ռուսական բանտում Ալեքսեյ Նավալնիի մահվան»։

  • Կիսվել: