կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ցեղասպանության ճանաչումն է լուծումը նման ողբերգությունից մարդկությանը զերծ պահելու համար. ԱԽ քարտուղար

Ցեղասպանության ճանաչումն է լուծումը նման ողբերգությունից մարդկությանը զերծ պահելու համար. ԱԽ քարտուղար

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցին, մենք գլուխ ենք խոնարհում մեր 1.5 միլիոն նահատակների հիշատակի առաջ՝ վերհիշելով այն տառապանքներն ու հայրենազրկումը, որի միջով անցավ մեր ժողովուրդը:

Այս օրերին ցեղասպանության իրողությամբ պայմանավորված հարյուր հազարավոր հայեր, որոնք հայտնվեցին աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանի ու Արցախի հայությունը առավել քան երբևէ միասնական են իրենց հավաքական հիշողությամբ:

Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք համոզված ենք` ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն է միակ լուծումը ներկայում և ապագայում նման ողբերգություններից մարդկությանը զերծ պահելու համար: Շնորհիվ հայության հավաքական ներուժի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը անշեղորեն ընթանում է առաջ՝ մնալով համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում:

Եվս մեկ անգամ իմ խոնարհումն եմ բերում մեր անմեղ զոհերի հիշատակին: Խաղաղություն նրանց տառապած հոգիներին»:

  • Կիսվել: