չորեքշաբթի, մարտ 12
12 / 3 / 2025
Մենք ունենք կառավարման որակի խնդիր. Փաշինյան

Մենք ունենք կառավարման որակի խնդիր. Փաշինյան

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ շատ պաշտոնյաներ տարբեր օղակներում անպատասխանատու են, պատասխանատվություն չեն զգում, պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքը, հոգատար չեն մեր երկրում խնդիրների նկատմամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով վարչապետ Փաշինյանին:

Նա նաեւ նշեց. «Նամակներ են մեկ-մեկ ուղարկում, որ ոչ մի փորձագետ չի կարողանում հասկանալ, թե իրավաբանական անձին ինչ նամակ են ուղարկել և ինչ բովանդակության: Կարդում են, չեն հասկանում ինչ է գրված: Հասարակ քաղաքացիները ընկնում են դռնեդուռ: Ես գիտեմ, որ էլեկտրոնային կառավարման համակարգ լինելուց այդ ռիսկերը նվազելու են, բայց մինչև դա ի՞նչ կարգի մի փոքր սոֆթվերի ծրագիր տանք, որ ցանկացած նամակի բովանդակություն կարդան, հասկանան ինչ է։

Օրինակ, ես երկու օրինակ բերեմ, ունենք մենք խնդիր աշխարհի տարբեր երկրներից տուրիստ բերելու, ներդրող բերելու, դիվանագիտական հարաբերությունները բարձրացնելու, արդյո՞ք մեր դեսպանները հաշվետվություն են տալիս մեկ ամսվա մեջ ի՞նչ կարգի հարաբերություններ են ունեցել տեղական, տարբեր քաղաքական, դիվանագիտական, տնտեսական միավորների հետ։

Եվ մյուսը, ռեսուրսներ են կորում, երբ որ պետական պաշտոնյան պատշաճ չի կարողանում իր աշխատանքը կատարել: Ուզում եմ առավել խիստ մոտեցում ցուցաբերեք և ասեք, ոնց եք ուզում այդ ամեն ինչը կարգավորել»,-ասաց պատգամավորը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ այո, մենք ունենք կառավարման որակի խնդիր, որը մեծ պրոբլեմ է. «Ես բազմիցս կառավարության նիստերում, Ազգային ժողովի ամբիոնից շատ սուր ձևով բարձրացրել եմ այդ հարցերը, բայց նաև X պահի հասկացել եմ, որ, կներեք, գոռգոռալով այդ հարցը մեկ է՝ լուծում չի ստանա, որովհետև այստեղ շատ խորը ինստիտուցիոնալ պրոբլեմ ունենք:

Հիմա մի բան կասեմ, որ գիտեմ շատ քննադատության կարժանա։ Ընդհանրապես եթե արևմտյան աշխարհին ենք նայում, ամենաթանկարժեք բանը համարվում է «նոու-հաուն»: Եթե թարգմանենք հայերեն, նշանակում է՝ Իմանալ ինչպես:

Ցանկացած մարդ կուզենար, որ ինքը Coca-Cola արտադրեր և միլիարդներ աշխատեր, բայց ցանկացած մարդ չգիտի ինչպես։ Մենակ մի ընկերություն կա, որը գիտի ինչպես և գիտի ինչպես պաշտպանել իր իրավունքը։ Մեր երկրում, օրինակ, ես համոզվել եմ, որ շատ դեպքերում մեր պետական կառավարման համակարգի ներգրավված մարդիկ, ոնց որ դուք եք ասում, շատ հոգատար են, շատ հայրենասեր են, շատ ցանկանում են, բայց չգիտեն ինչպես։ Սա, կարող է կոպիտ հնչի, ընդհուպ կրթական պրոբլեմ է:

Ճիշտ է, որ կադրային քաղաքականությունը շատ կարևոր է, բայց կադրային քաղաքականությունը ունի երևացող կողմ, որը հրապարակային մարդիկ են և ունի չերևացող կողմ, որը տասնյակ հազարավոր մարդիկ են, որոնք ոչ մի տեղ չեն երևում։ Մեր հիմնական պրոբլեմը այս մեջտեղի հատվածում է, որտեղ մենք ունենք կառավարման պրոբլեմ։ Այդ կառավարման պրոբլեմը սկսում է նրանից, որ այդ հատվածում, օրինակ, պետական կառավարման համակարգի աշխատավարձը այնքան մրցունակ չէ, որ թոփ մասնագետների մենք կարողանանք այդտեղ ներգրավել։

Երբ որ քայլ ենք անում, որ թոփ մասնագետներին ներգրավելու հեռանկար բացվի, աղմուկ է բարձրանում՝ հերթական պարգևավճար, աշխատավարձ և այլն և այլն։

Դրա համար շատ դանդաղ, երբեմն երբեմն սպասվածից շատ ավելի դանդաղ գնում ենք առաջ և փորձում ենք ինստիտուցիոնալ կարողություններ իրականացնել»:

Խաչատուր Սուքիասյանը դժգոհեց, որ հիվանդանոցներում պետք է մարդիկ լինեն դիմակներով, բայց չեն կրում դիմակ:

Փաշինյանն էլ արձագանքեց. «Բոլոր շինհրապարակներում պետք է մարդիկ լինեն սաղավարտներով, ես ուր գնում եմ, մարդիկ սաղավարտներով են, բայց երբեմն սաղավարտների վրայից պիտակները դեռ հասցրած չեն լինում հանեն: Ակնհայտ է, որ իմ գնալուց հինգ րոպե առաջ է դա բաժանվել, նույնիսկ ոչ թե մի ժամ, նույնիսկ ոչ թե երկու ժամ առաջ:

Իմ պատկերացրած լուծումն այն է, որ դա պետք է դառնա մարմնի հիշողություն, դա պիտի դառնա մենթալիտետ: Քանի չի դարձել մենթալիտետ, ինչքան ուզում ենք տուգանենք»:

  • Կիսվել: