ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բրյուսելից հետո Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Քիշնևում, նրանց կմիանան Մակրոնն ու Շոլցը. Արմեն Գրիգորյան

Բրյուսելից հետո Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Քիշնևում, նրանց կմիանան Մակրոնն ու Շոլցը. Արմեն Գրիգորյան

Բարձր մակարդակով հանդիպում է լինելու Բրյուսելում, այնուհետեւ այդ հանդիպումը շարունակվելու է Քիշնեւում, որին միանալու են նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Շոլցը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումները  եւ առաջ շարժվենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ամերիկյան կողմը խոսել է Վաշինգտոնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններում առաջընթացի մասին, ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, ԱԽ քարտուղարն ասաց. «Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել եւ պետք է իրենց ուղղել այդ հարցը: Մամլո հաղորդագրությունում հայկական կողմը նշել է, որ կան տարաձայնություններ եւ աշխատելու ենք այդ տարաձայնությունների շուրջ լուծումներ փնտրել»:

Խոսելով տարաձայնությունների մասին, Արմեն  Գրիգորյանն ասաց. «Բնականաբար, պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, դա պարտադիր է: Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է այդ պայմաններում: Ինչ վերաբերում է միջազգային երաշխավորների ինստիտուտին, բանակցություններն ընթանում են, եւ եթե լուծում գտնենք, ապա առաջ կշարժվենք: Այս պահին վերջնական լուծում չկա»:

  • Կիսվել: