ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բոլորս պետք է կանգնենք մեր բանակի կողքին, բոլորս լինենք մեկ բանակ. Չալաբյան

Բոլորս պետք է կանգնենք մեր բանակի կողքին, բոլորս լինենք մեկ բանակ. Չալաբյան

Երեկ Տավուշի սահմանագծում տեղի ունեցած մարտական գործողությունները եկան հիշեցնելու, որ պատերազմը ոչ միայն չի դադարել, այլև հակառակորդը հարմար առիթ է փնտրում՝ վերսկսելու մարտական գործողությունները և դրանք մեր տարածք տեղափոխելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Երեկ մեր ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել հակառակորդին, և կորուստներով հետ շպրտել, վերահաստատելով, որ մեր պետության ողնաշարը մեր բանակն է, և հենց նրա պողպատյա բռունցքն է զսպում հակառակորդին։ Որպեսզի մեր բանակը շարունակի պատվով կատարել իր առաքելությունը, մենք բոլորս, անկախ այլ հարցերում հնարավոր տարաձայնություններից, այսօր մեկ մարդու պես պետք է կանգնենք մեր բանակի կողքին, բոլորս լինենք ՄԵԿ ԲԱՆԱԿ։

Այս նկարը արվել է երեք տարի առաջ, երեկվա մարտի դիրքերի անմիջական հարևանությամբ։ Զինվորական, հոգևորական և աշխարհիկ մարդիկ այդ օրերին ի մի էին բերել իրենց ուժերը՝ ամրապնդելու մեր դիրքերն ու մեր պաշտպանությունը, և ես այսօր հպարտ եմ, որ մեր արածը արդյունք է տալիս։ Մենք շարունակելու ենք թե հոգով, թե մտքով, և թե գործով միշտ լինել մեր բանակի կողքին, և հաղթանակի օրերին, և կորուստների պահերին, որովյետև մենք բոլորս ՄԵԿ ԲԱՆԱԿ ենք։

Կեցցե մեր Բանակը, կեցցեն մեր հրամանատարները և զինվորները, կեցցե մեր ազգը, որն այդպիսի որդիներ է տվել»,- գրել է նա։

  • Կիսվել: