երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը երկու հաղորդագրություն է տարածել, ըստ որոնց՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այսպես, համաձայն Միլլերի հաղորդագրության, Բլինքենը խոսել է Հայաստանի վարչապետի հետ՝ ՛՛վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում առաջընթացին՛՛:

՛՛Պետքարտուղար Բլինքենը ևս մեկ անգամ նշել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը՝ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանագծման հիմք օգտագործելու վերաբերյալ:

Բլինքենն ընդգծել է նաեւ Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու ԱՄՆ շարունակական ջանքերը, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի՝ Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի տեսլականը՛՛,-ասված է Միլլերի տարածած հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է Ալիևի հետ զրույցի մասին հաղորդագրությանը, ապա այստեղ նշվում է, որ  ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիևին անցած շաբաթ արած հայտարարության համար, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրն օգտագործել որպես սահմանագծման հիմք: Նա նաև ՛՛ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու համար՛՛:

՛՛Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին պահպանել երկխոսությունն իր հայ գործընկերոջ հետ՝ հաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ ջանքերին՛՛։

Նշվում է նաև, որ պետքարտուղար Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին։

Նա նաև ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ամուր երկկողմ հարաբերությունների մեր ձգտումը:

Ավելի վաղ Էնթոնի Բլինքենի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին հայտնել էր ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

  • Կիսվել: