հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բեռնափոխադրումներ Բելառուսի և Ադրբեջանի միջև

Բեռնափոխադրումներ Բելառուսի և Ադրբեջանի միջև

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հավաստիացրել էր, որ առնվազն վերջին 6 ամիսների ընթացքում և ռազմական գործողությունների մեկնարկից հետո իր երկիրը զենք չի մատակարարել Ադրբեջանին, գրում է Fip.am-ը։

Բաց աղբյուրներում առկա տվյալները, սակայն, արձանագրել են Բելառուսից Ադրբեջան ուղևորված ռազմական բեռնափոխադրող ինքնաթիռներ։ 

Նշենք, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ ադրբեջանական ագրեսիայի համատեքստում Բելառուսին Ադրբեջան զենք մատակարարելուն խոչընդոտում է նաև ՀԱՊԿ կանոնադրությունը։ Հաշվի առնելով այս ամենը՝ «Փաստերի ստուգման հարթակը» որոշել է անդրադառնալ այդ թռիչքներին և Բելառուս-Ադրբեջան ռազմատեխնիկական հարաբերություններին։ 

Բելառուս-Ադրբեջան «կարգո» ինքնաթիռների թռիչքներ

Սեպտեմբերի 30-ին IL-76 EW-412TH բորտը Բելառուսից թռիչք է կատարել դեպի Բաքու։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 26-ին և 27-ին, նույն ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել Թուրքիայի Թեքրիդաղի օդանավակայանից դեպի Մինսկ։ Այս օդանավակայանը օգտագործվում է և՛ ռազմական, և՛ քաղաքացիական նպատակներով։

Մինսկ-Բաքու ճանապարհով թռիչք տեղի է ունեցել նաև սեպտեմբերի 24-ին։ Այս բեռնափոխադրող ինքնաթիռները, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխել Ադրբեջան։ Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած թռիչքներից մեկը ևս, մեծ հավանականությամբ, եղել է Ադրբեջան-Բելառուս ուղղությամբ․ flightradar24.com կայքում թռիչքի հետագծերի մի հատվածը դուրս է մնացել ռադարի ծածկույթից։

Թռիչքներն իրականացրել են բելառուսական Ruby Star բեռնափոխադրող ընկերության ինքնաթիռները։ Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտման կենտրոնը (OCCRP) մի քանի տարի առաջ արդեն գրել էր, որ Ruby Star-ի «Իլյուշինները» նախկինում օգտագործվել են ռազմական բեռներ տեղափոխելու համար։ Այս ինքնաթիռներով մեկ թռիչքը բավական է շուրջ 16 հազար «Կալաշնիկով» ավտոմատ տեղափոխելու համար։

«Իլյուշին» ինքնաթիռների՝ ռազմական տեխնիկա տեղափոխելու մասին «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունները կարող եք կարդալ այստեղայստեղ և այստեղ։

ՀԱՊԿ կարգավորումները պատերազմական իրավիճակում

Բելառուսը և Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են։ Ըստ կազմակերպության պայմանագրի՝ մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի դեպքում «մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից արդեն Ադրբեջանը հարվածի տակ էր վերցրել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերը։ Քաղաքացիական մեկ անձ զոհվել էր Վարդենիսի բնակավայրերի հրետակոծության արդյունքում, կային վիրավորներ։ 

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի 4 անօդաչու թռչող սարքեր խոցվել էին  Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։

 Ամփոփելով՝ նշենք նաև, որ վերջին օրերի ռամական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառում է նաև Բելառուսի արտադրած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։

  • Կիսվել: