կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բայրամովը բողոքել է Հայաստանից՝ «ՀՀ-ն 30-60 օր անպատասխան է թողնում Ադրբեջանի մեկնաբանությունները խաղաղության համաձայնագրի վերաբերյալ»

Բայրամովը բողոքել է Հայաստանից՝ «ՀՀ-ն 30-60 օր անպատասխան է թողնում Ադրբեջանի մեկնաբանությունները խաղաղության համաձայնագրի վերաբերյալ»

Խաղաղության համաձայնագրի բանակցությունները գործընթաց են՝ բաղկացած տարբեր փուլերից։ Այս մասին այսօր Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ընթացքում տեղի են ունենում դեմ առ դեմ հանդիպումներ։ Որոշ դեպքերում այդ հանդիպումները տևում են մի քանի օր, տեղի է ունենում պայմանների փոխանակում։ Ուզում եմ նշել մի հետաքրքիր միտում՝ որպես կանոն, հայկական կողմը 30-60 օրվա ընթացքում անպատասխան է թողնում Ադրբեջանի կողմից ուղարկված մեկնաբանությունները։ Հիմա չեմ ասելու՝ դա շատ է, թե քիչ՛՛։

Բայրամովի խոսքով՝ այս ընթացքում ադրբեջանական կողմը դա ընկալում է որպես գործընթացի անբաժանելի մաս․ ՛՛Որովհետև արդյունքն ավելի կարևոր է մեզ համար։ Սակայն իրենց մեկնաբանությունն ուղարկելուց մի քանի օր անց հայկական կողմը մամուլում հայտարարում է՝ ՛՛մենք մեր մեկնաբանություններն ուղարկել ենք Ադրբեջանին՛՛։

Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ ՛՛այսօր հայկական կողմը և Հայաստանի վարչապետը նոր ռեկորդ են սահմանել՛՛:

՛՛Մեզ իրենց մեկնաբանություններն ուղարկելուց ընդամենը 40 րոպե անց նրանք մամուլի հայտարարություն են տարածել։ Ըստ իս՝ այս ամենը հստակ ցույց է տալիս, թե կողմերից ո՛րն է շահագրգռված գործընթացի հանգուցալուծմամբ, և ո՛րն է բառի բուն իմաստով հակված քաղաքական հայտարարությունների՛՛,-ընդգծել է Բայրամովը:

  • Կիսվել: