Բայրամովն ու ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին, հայտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը՝ վկայակոչելով ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:
Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագրի մշակման ներկա իրավիճակը, հաղորդակցության բոլոր գծերի բացումը եւ սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման համար։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել բոլոր նշանակված ուղղություններով առաջընթացին։