շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բայդենի՝ Ցեղասպանության ճանաչումից հետո նույն քաղաքականությունը պետք է շարունակի նաև ԱՄՆ պետդեպարտամենտը. Բոբ Մենենդես

Բայդենի՝ Ցեղասպանության ճանաչումից հետո նույն քաղաքականությունը պետք է շարունակի նաև ԱՄՆ պետդեպարտամենտը. Բոբ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ զրուցել է ԱՄՆ Կոնգրեսի և Սպիտակ տան՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

Անդրադարձ է եղել նաև առանցքային թեմաներին՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանն ու Արցախի աջակցությանը:

Այս գործում ամերիկահայ համայնքի դերակատարման մասին խոսելիս Մենենդեսը նշել է, որ ճանաչման գործընթացն իրական վկայությունն է ամերիկահայ համայնքի և հայկական կազմակերպությունների՝ մասնավորապես Հայ Դատի հանձնախմբի, որը տասնամյակներ շարունակ պնդել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու մերժել դրա ժխտումը: «Դա Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու հարցում իր շատ անվճռական գործընկերների համար առանցքային քայլ էր»,- նշել է Մենենդեսը:

Սպիտակ տան ղեկավարի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման անմիջական ազդեցության մասին հարցին Բոբ Մենենդեսը պատասխանել է.

«ԱՄՆ նախագահի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո նույն քաղաքականությունը պետք է շարունակի նաև ԱՄՆ պետդեպարտամենտը: Ես հուսով եմ և հավատում եմ, որ ով էլ որ լինի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, հաջորդ անգամ ապրիլի 24-ի հիշատակի արարողությանն առաջին անգամ ամերիկացի դիվանագետը ճիշտ, համապատասխան բառերով կբնութագրի եղելությունը՝ օգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը: Սա ցնցող պահ է, քանի որ սա պարզապես ճանաչում չէ, սա ուղերձ է Հայոց  ցեղասպանությունը դեռևս չճանաչած մյուս երկրներին՝ նույնպես ճանաչել այն»,- հայտարարել է Մենենդեսը:

Հայաստանի ու Արցախի մարտահրավերների մասին ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսն իր լուրջ մտահոգությունն է հայտնել հայ ռազմագերիների առնչությամբ, որոնք դեռևս չեն վերադարձվել Հայաստան:

«Ես խիստ մտահոգված եմ այն մոտեցմամբ, թե ցանկացած խնդիր կարգավորվում է հակամարտության արդյունքում. դա, այդպես չէ: Հետևաբար՝ անհրաժեշտ է դիվանագիտություն բանեցնել՝ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու նպատակով, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը»,- ասել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը:

  • Կիսվել: