Բարձրակարգ ֆիլմեր, հյուրընկալ քաղաք. «Ոսկե ծիրանն» ամփոփեց փառատոնի արդյունքները
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որը 2021-ին անցկացվեց հոկտեմբերի 3-10-ը, ցուցադրվել է ավելի քան 60 կինոնկար: Փառատոնն իր հարկի տակ է համախմբել ավելի քան 50 հյուրի:
Հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի ժյուրիի անդամները նշեցին՝ գոհ են ներկայացված ֆիլմերից, փառատոնի լավ կազմակերպված լինելուց, շեշտեցին՝ իրենց համար շատ դժվար է եղել ընտրություն կատարելը, քանի որ բոլոր կինոնկարները բարձրորակ էին: Նրանք խոստովանեցին՝ մեծ բավականություն են ստացել ոչ միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասը կազմելուց, այլև Երևանում հյուրընկալվելուց, քանի որ քաղաքն ուրախ է և ջերմ:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ, Կրակովի միջազգային կինոփառատոնի տնօրեն Քշիշտոֆ Գերատի համոզմամբ՝ ծրագիրն ուժեղ էր: «Կար տասը ֆիլմ, որոնցից առնվազն հինգը կարող էին հաղթել: Առաջին մրցանակին արժանացավ Հնդկաստանի ֆիլմը, իսկ երկրորդ մրցանակը վավերագրական կինոնկարը շահեց: Մրցութային ֆիլմերը լուրջ պատմություններ էին ու կարևոր սոցիալական խնդիրներ էին բարձրաձայնում»,- շեշտեց նա՝ հավելելով, որ «Ոսկե ծիրանից» հետաքրքիր ու գեղեցիկ գաղափարներ կարելի է տանել:
«Կորիզ» կարճամետրաժ տարածաշրջանային ֆիլմերի մրցութային ժյուրիի անդամ Ֆիլիպ Ժալալդոն առաջին անգամ է որպես ժյուրի գնահատում կարճամետրաժ կինոնկարները: Նա վստահ է՝ կարճամետրաժ կինոն մեր ապագան է, որովհետև հենց այդ ֆիլմերի երիտասարդ ռեժիսորներն են հետագայում խաղարկային և այլ կինոնկարներ նկարահանում:
Անդրադառնալով «Ոսկե» և «Արծաթե» ծիրանի արժանացած մրցանակակիրներին՝ նա ասաց, որ դրանք հիանալի, տարբերվող կինոնկարներ էին թե՛ սցենարային, թե՛ այլ առումներով:
FIPRESCI-ի ժյուրիի անդամ Դոմինիկ Շմիդը հիշեցրեց, որ այդ մրցույթում ներկայացված էին տարածաշրջանային ֆիլմեր, որոնք բազմաժանր էին, հզոր:
«Իմ հետաքրքրությունը տարածաշրջանային կինոյի նկատմամբ մեծացավ, իսկ գիտելիքներս շատացան»,-ընդգծեց Շմիդն ու խոսեց Երևանի մասին՝ նշելով, որ հիացած է քաղաքի ոգով, հյուրընկալ հասարակությամբ և բարձրակարգ փառատոնով:
«Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնը մրցութային արդյունքներն ամփոփել է հոկտեմբերի 9-ին Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանում:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել «Քարեր» (ռեժ․՝ Վինոթրաջ Պ․Ս․, Հնդկաստան), իսկ «Արծաթե ծիրանի»՝ «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» (Դյոդո Համադի, Կոնգո/ Ֆրանսիա/ Բելգիա) ֆիլմը։ Հատուկ հիշատակման է արժանացել «Նոր հին ներկայացում» (ռեժ․՝ Ցյու Ծյունծյուն, Հոնկոնգ/ Ֆրանսիա) կինոնկարը։



