չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բաքվի ռազմական դատարանում սկսվել է Արցախում գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի դատավարությունը

Բաքվի ռազմական դատարանում սկսվել է Արցախում գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի դատավարությունը

Բաքվի ռազմական դատարանում տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի դեմ քրեական գործով լսումները, հայտնում են տեղի լրատվամիջոցները` մանրամասնելով, որ նիստի ժամանակ Էուլջեքջյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել գործն ուղարկել նախաքննության փուլ, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը:

Հայտնի է, որ տղամարդը մեղադրվում է Ադրբեջանի դեմ «ահաբեկչական գործողությունների» իրականացման համար և որակվում որպես «վարձկան»:

Դատական նիստի շրջանակում դատախազը կկարդա մեղադրական եզրակացությունը, իսկ ամբաստանյալը ցուցմունք կտա: Ադրբեջանական կողմի պնդմամբ` 1979թ. ծնված Էուլջեքջյանը, որը հանդիսացել է Բեյրութի բնակիչ, «2500 դոլարի համար համաձայնել է մասնակցել 2020-ի աշնանն Արցախում վերսկսված ռազմական գործողություններին»: 

Լիբանանահային մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 114.3  (վարձկանի մասնակցություն ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին), 214.2.1 (մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցագործի կողմից նախնական դավադրության միջոցով կազմակերպված ահաբեկչություն), 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների ապօրինի հատում) և ՔՕ այլ հոդվածներով: Դատարանի որոշմամբ`խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նշենք, որ ոչ միայն Էուլջեքյանը, այլ նաև հայկական Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ պատերազմի օրերին կամավորագրվել էին և մեկնել ռազմաճակատ՝ հայրենիքի պաշտպանության գործին մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները դատական ​​գործեր են հարուցել մի քանի տասնյակ գերեվարված հայերի նկատմամբ։

Վիգեն Էուլջեքյանը Լիբանանից է, տնտեսական և քաղաքական բարդ իրավիճակի պատճառով տեղափոխվել էր Հայաստան և 2017-ին դիմել քաղաքացիություն ստանալու համար։ 2019-ից Վիգենը Հայաստանում տաքսի էր վարում, ինչպես նաև զբոսաշրջիկների էր տեղափոխում։

Նոյեմբերի 10-ին Վիգեն Էուլջեքյանը և Մարալ Նաջարյանը մեկնել էին Շուշի՝ հյուրանոցից իրեր վերցնելու։ Քաղաք տանող ճանապարհին նրանց կանգնեցրել են ադրբեջանցիներն ու գերեվարել, այնուհետև ավտոբուսով տեղափոխել Բաքու, նույն տրանսպորտային միջոցի մեջ եղել են նաև Հայաստանի այլ քաղաքացիներ։

Ավելի ուշ Մարալ Նաջարյանը ազատ է արձակվել և վերադարձել տուն՝ Բեյրութ

  • Կիսվել: