չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Բաքուն վրդովված է Զոհրաբ Մնացականյանի հայտարարությամբ

Բաքուն վրդովված է Զոհրաբ Մնացականյանի հայտարարությամբ

«Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վերջին հայտարարությամբ խաչ քաշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացի վրա»։ Ինչպես հաղորդում է 1news.az, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը ՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը Հայաստանի ԱԳ նախարարի պատասխանը։

«Հայկական կողմի նման ապակառուցողական հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին և ձախողում է բանակցությունները։ Միևնույն ժամանակ, դա անհարգալից վերաբերմունք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ»,- վրդովվել է Հաջիևը։

«Եթե Հայաստանը նման ապակառուցողական հայտարարություններով մտադիր է դուրս գալ բանակցային գործընթացից, ապա նա պետք է բացահայտ հայտարարի իր դիրքորոշումը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես պետք է գնահատեն Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը և բարձրաձայնեն իրենց դիրքորոշումը», - շարունակել է նա:

Հաջիևը նորից պնդել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` Հելսինկյան եզրափակիչ ակտի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների համապատասխան:

Նշենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ է ունենալով հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակիցների համար, հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման սեղանին դրված է փուլային լուծման փաստաթուղթը, որն ընդունվել է 2019 թվականի ապրիլին Մոսկվայում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։

«Այդ փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցման հիման վրա կարգավորման առաջխաղացում։ Կարծում եմ, որ առաջին փուլում առավել հրատապ խնդիրների լուծումն է, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատագրումը եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակումը», - ասել Է Լավրովը:

Իր հերթին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով Լավրովին, ասել է, որ հակամարտության լուծման փուլային տարբերակը ընդունելի չէ հայկական կողմի համար:

«Հայկական կողմը չի գնա ոչ մի լուծման, որը կվտանգի Արցախի բնակչության անվտանգությունը և կասկածի տակ կդնի ստատուսի հարցը» , - ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

  • Կիսվել: