կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բաքուն Ստեփանակերտի հետ կերկխոսի այն ժամանակ, եթե ճանաչվի Արցախի կարգավիճակը կամ Ադրբեջանի վրա լինեն մեծ ճնշումներ միջնորդների կողմից․ Քեռյան

Բաքուն Ստեփանակերտի հետ կերկխոսի այն ժամանակ, եթե ճանաչվի Արցախի կարգավիճակը կամ Ադրբեջանի վրա լինեն մեծ ճնշումներ միջնորդների կողմից․ Քեռյան

 Հարցը տեղապտույտի մեջ է․Ադրբեջանը Ստեփանակերտի հետ կգնա բանակցությունների այն ժամանակ, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կամ Բաքվի վրա լինի արտաքին մեծ ճնշում միջազգային միջնորդներին կողմից, և Ալիևը զգա, որ երկխոսության չգնալու դեպքում կունենա որոշակի կորուստներ։ Բայց հիմա նման ճնշում Ադրբեջանի վրա չկա, իսկ վերջինս՝ որպես պատերազմում հաղթած կողմ, ձգտում է առավելագույն չափով օգտվել դրա պտուղներից և չճանաչված ԼՂՀ-ն իր ներսում վերացնել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը՝ խոսելով Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսության հեռանկարի մասին, որով շահագրգռված են նաև միջազգային միջնորդները։

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսություն պետք է սկսվի՝ նպատակ ունենալով ապահովել այլընտրանքներ բռնությանը, ձևավորել անչափ անհրաժեշտ վստահություն և երաշխավորել արժանապատվությունը: Եվրամիությունը անհամբերությամբ սպասում է Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ։

«Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի ի հայտ գալը անմիջականորեն կապված է այն հանգամանքի հետ, որ ոչ մի կերպ չի ստացվում խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Դժվար է ասել, թե կուլիսների հետևում ինչպիսի խոչընդոտներ կան, որոնք թույլ չեն տալիս նման պայմանագիր կնքել։ Թվում էր, թե սկզբում խոչընդոտ պետք է հանդիսանար երկուստեք տարածքային ամբողջականության ճանաչումը, բայց երբ դա տեղի ունեցավ, դրանից հետո կարծիք կար, թե գործն առաջ կգնա, սակայն երբ պարզվեց, որ տարածքային ամբողջականության ճանաչման թեզով Ադրբեջանը անպայման պահանջում էր նշել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում՝ որպես սովորական վարչական տարածք, այդժամ ի հայտ եկավ Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հարցը, որն առաջ քաշեց հայկական կողմը»,- ասաց Քեռյանը։

Ըստ նրա՝ դժվար է ասել, թե Ադրբեջանը կգնա՞ արդյոք Ստեփանակերտի հետ երկխոսության, որովհետև նման քայլ կատարելու դեպքում կստացվի, որ Բաքուն բանակցում է ԼՂՀ իշխանությունների հետ, այսինքն՝ ինչ-որ աստիճանով ճանաչում է Արցախը որպես սուբյեկտ։ Այս հեռանկարը սարսափեցնում է Ադրբեջանին, հետևաբար նա ամեն կերպ խուսափում է դրանից։ Թեև նախկինում երկու անգամ կողմերը հանդիպեցին ռուս խաղաղապահների միջնորդությամբ, բայց Ադրբեջանը հայտարարեց, որ սեղանին պետք է դրվի միայն Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման հարցը։

«Իրավունքների և անվտանգության մասին Բաքուն այժմ ընդհանրապես չի խոսում, քանզի Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ արցախահայերն Ադրբեջանի մյուս բոլոր քաղաքացիների պես ունեն նույն իրավունքները և նրանց համար առանձին իրավունքներ չեն լինելու։ Թեև փորձագիտական շրջանակները նշում են Ադրբեջանի վրա արտաքին ճնշման հանգամանքի մասին, բայց նման ճնշումներն ակնառու կերպով հնարավոր է տեսնել միայն այն ժամանակ, երբ դիվանագիտական խողովակներով շփումներից հետո արվեն բացահայտ հայտարարություններ և լինեն կոնկրետ գործողություններ։ Այդ դեպքում կստեղծվի բոլորովին այլ իրավիճակ»,- եզրափակեց քաղաքագետը։    

  • Կիսվել: