ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բադասյանը վստահ է, որ ԱԺ կազմով ՍԴ խնդրին լուծում գտնելը հնարավոր է

Բադասյանը վստահ է, որ ԱԺ կազմով ՍԴ խնդրին լուծում գտնելը հնարավոր է

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի կարծում, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի ասածները պետք է մեկնաբանի։ Այս մասին  նա նշեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ դատավոր Վահե Գրիգորյանը չի ներկայանում աշխատանքի, սակայն ստանում է ամբողջական աշխատավարձ։

Անդրադառնալով հարցին, որ օնլայն տիրույթում է հայտնվել Գագիկ Ծառուկյանի՝ տարիներ առաջվա դատավճիռը, և որքանով է դա նորմալ և արդյոք դա անօրինական չէ, Բադասյանն ասաց, որ ինքը 40 տարի առաջվա դատական ակտը չգիտի, թե ինչ ռեժիմով է քննարկվել։ Նա նշեց. «Օրինակ՝ հիմա Դատալեքս տեղեկատվական կայքում  դուք կարող եք տեսնել, եթե գաղտնի ռեժիմով չէ, ամբողջ բովանդակությունը գործի, դատական ակտերը և այլն։ Հիմա ես չեմ կարող դա մեկնաբանել կոնկրետ ինչ փաստաթուղթ է և որտեղից է» ։

Հարցին, թե արդյոք ինքը վստա՞հ է, որ ՍԴ խնդիրը ԱԺ-ում կստացվի լուծել, և եթե ընդդիմադիր ուժերը չմիանան, իշխող ուժը կկարողանա քննարկել, նախարարը պատասխանեց, որ վստահ է, որ ԱԺ կազմով հնարավոր է լուծում գտնել։

Բադասյանը, մասնավորապես, ասաց. «Մեկ կամ 2 քայլով ՀՀ արդարադատության համակարգում պետք չի միանգամից արդյունքների սպասել, արդարադատության համակարգում խորքային բարեփոխումները բազմակի գործողություններ ենթադրող պրոցես է, բայց սա անհրաժեշտ ու պարտադիր նախապայման է առաջ շարժվելու, ինչու, որովհետև ունենք Սահմանադրական դատարանի մոդել՝ մոդել, որը չի իրացվել, ընդ որում, այնպիսի անցումային դրույթ է Սահմանադրության տեքստում ներառվել, որը որ չի ապահովում այդ մոդելի կյանքի կոչումը» ։

Ըստ նախարարի՝ կունենանք ավելի հավասարակշռված ՍԴ՝ Սահմանադրական մարմինների մասնակցությամբ առաջադրված և ընտրված թեկնածուներով, և սա կյանքի կկոչի այն մոդելը, որը 2015 թ. Սահմանադրության փոփոխություններով նախատեսված է եղել, կամ մեկնարկը կտրվի այդ փոփոխություններն ավելի արագ պրակտիկայում կյանքի կոչելու համար։

  • Կիսվել: