երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բադասյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՄԿ զարգացման ուղղություններին համահունչ ՀՀ մաքսային համակարգում իրականացվող աշխատանքները

Բադասյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՄԿ զարգացման ուղղություններին համահունչ ՀՀ մաքսային համակարգում իրականացվող աշխատանքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ից 24-ը Բրյուսելում մասնակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի 141-րդ և 142-րդ տարեկան նստաշրջաններին։ 

Նստաշրջանների ընթացքում քննարկվում են ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների, հանձնաժողովների տարեկան հաշվետվությունները, որոնք ներկայացվում են ՀՄԿ Խորհրդի հաստատմանը։ ՀՄԿ 2022-2025 թ.թ. ռազմավարական պլանի համատեքստում արդեն իսկ ներկայացվել է ՀՄԿ ռազմավարության 2022-2023 թ.թ. կատարողականը. նախատեսվում է ներկայացնել նաև գալիք տարվա ռազմավարական ծրագրերն ու առաջնահերթությունները՝  ՀՄԿ խորհրդի կողմից հաստատվելու նպատակով։

Նստաշրջանների ընթացքում ՊԵԿ նախագահը հանդես է եկել ելույթներով: Ռուստամ Բադասյանն ընդգծել է ՀՄԿ-ի կողմից մշակված գործիքների ու ստանդարտների կարևորությունը՝ մաքսային համակարգի զարգացման հիմնական ուղղությունները  նախանշելու առումով՝ այդ համատեքստում ներկայացնելով նաև ՀՀ մաքսային համակարգում ՀՄԿ զարգացման ուղղություններին համահունչ իրականցվող աշխատանքները։ Մասնավորապես, ներկայացվել են մաքսային ծառայողների ընդունելության ընթացակարգում բարեվարքության բաղադրիչի ներդրման, կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև  ՀՄԿ առցանց ծրագրերի, այդ թվում՝ CLiKC! առցանց ուսուցման ծրագրերի խթանման ուղղությամբ կատարված աշխատանքները։ 

ՊԵԿ նախագահը ողջունել է ապօրինի առևտրի համաշխարհային միտումների շրջանակում ՀՄԿ-ի կողմից պարբերաբար առաջադրվող գործիքների և տարածաշրջանային գործառնությունների կարևորությունը, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխարգելելու առումով՝ այս համատեքստում դիտարկելով տվյալների փոխանակումը և իրավախախտումների վիճակագրության ստանդարտացումը որպես համաշխարհային առաջնահերթություններ։ 

Ներկայացվել են նաև Սահմանների համալիր կառավարման ուղղությամբ ՀՀ մաքսային համակարգի ձեռքբերումները, այդ թվում՝ թույլատվական փաստաթղթերի տրամադրման ամբողջությամբ թվայնացված համակարգ ներդնելու ուղղությամբ։ Էլեկտրոնային առևտրի միջազգային մարտահրավերների շրջանակում ՊԵԿ նախագահը ներկայացրել է էլեկտրոնային առևտրի տվյալների քանակի ու որակի բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները և ընդգծել, որ ՀՄԿ էլեկտրոնային առևտրի ստանդարտների բիզնես մոդելներին համահունչ՝ ՀՀ-ն արդեն իսկ կիրառում է ԱԱՀ-ի միջնորդավորված հավաքագրման բիզնես մոդելը էլեկտրոնային առևտրի հարթակների միջոցով։ ՊԵԿ նախագահը կարևորել է նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում գլոբալ մակարդակում տվյալների բազա ձևավորելու, ինչպես նաև ըստ ՀՄԿ անդամ երկրների արգելված ապրանքացանկերի շտեմարան ունենալու անհրաժեշտությունը։

Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև զարգացող երկրներում մաքսային արժեքի թերհայտարարագրման ռիսկերին և առաջարկել մշակել նոր գործիքներ, որոնք հաշվի կառնեն զարգացող երկրներում գործարքների փաստաթղթավորման ու տվյալների արժանահավատության ցածր մակարդակը, միաժամանակ, առաջարկելով առաջիկա կոմիտեներին ներկայացնել մաքսային արժեքի հսկողության շրջանակում մաքսային մարմինների արդյունավետ համագործակցության լավագույն փորձերը։

ՊԵԿ նախագահը ողջունել է նաև հետբացթողումային հսկողության նախապատրաստման աշխատանքների շրջանակում տվյալների վերլուծական bi հաշվետվողական գործիքակազմի մշակումը ՀՄԿ-ի կողմից, ինչպես նաև Ռիսկերի կառավարման կոմպենդիումի երկրորդ մասի վերանայումը՝ ապօրինի առևտրի օրեցօր աճող մարտահրավերներին համահունչ ռիսկերի կառավարման մեխանիզմներ առաջադրելու առումով։ 

Այցի շրջանակում նախատեսված են ՊԵԿ նախագահի երկկողմ հանդիպումներ ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության (CBP) ղեկավարի տեղակալի, Հնդկաստանի կառավարության անուղղակի հարկերի և մաքսերի կենտրոնական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ճապոնիայի ֆինանսների նախարարության Մաքսային և սակագնային բյուրոյի գլխավոր տնօրենի հետ։

Նստաշրջանների ընթացքում նախատեսված են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի և խորհրդի նախագահողի ընտրությունները: 

  • Կիսվել: