Բացառիկ հարցազրույց Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեի հետ
News.am-ը զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեի հետ՝ Երևան կատարած նրա այցի ընթացքում։ Իրանի փոխարտգործնախարարն անդրադարձել է բարձր մակարդակի հանդիպումներին և քննարկումներին, որոնք նա ունեցել է Երեւանում։ Նա խոսել է տարածաշրջանում Իրանի ունեցած կարմիր գծերից, բարձր է գնահատել Երևանի հետ երկխոսության կառուցողական մթնոլորտը և ընդգծել Իրանի հանձնառությունը՝ խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ։
Պարոն Խաթիբզադե, շնորհակալություն Ձեր ժամանակի համար։ Մեր համար մեծ պատիվ է այս հնարավորությունը։
Շնորհակալություն հրավերի համար։
Ձեր այցը Երևան շուտով ավարտվում է։ Կցանկանայի, որ սկսեինք՝ ամփոփելով այստեղ ունեցած Ձեր հիմնական հանդիպումներն ու քննարկումները։
Շնորհակալ եմ ինձ այս հնարավորությունը տրամադրելու համար։ Իրականում շուտով մեկնելու եմ եւ սա իմ վերջին հրապարակային խոսքն է Երևանում։ Ուզում եմ առիթն օգտագործելով շնորհակալություն հայտնել ինձ հյուրընկալողներին՝ Հայաստանի Հանրապետությանը և Արտաքին գործերի նախարարությանը՝ ինձ հրավիրելու և Իրանի Արտաքին գործերի նախարարությանը իր տեսակետները ներկայացնելու հարթակ տրամադրելու համար։ Այո, շատ լավ հանդիպումներ ունեցանք։ Թեև սա իմ առաջին այցն էր Երևան, շատ հաճույքով մասնակցեցի քննարկումներին։ Հանդիպեցի Հայաստանի Արտաքին գործերի նախարարի հետ, քննարկեցինք տարբեր՝ երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգին, երկու ժողովուրդների բարօրությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ ընթացիկ նախագծերը։ Հանդիպեցի նաև Հայաստանի Արտաքին գործերի փոխնախարարին և այլ պաշտոնյաների, որոնք ներկա էին «Երևանյան երկխոսություն» համաժողովին։ Իմ պանելային քննարկմանն արդեն երևի ծանոթ եք՝ ես խոսեցի Հարավային Կովկասի և կապուղիների, ինչպես նաև այս տարածաշրջանում կապուղիների կարևորության ու ռազմավարական ասպեկտների մասին։ Կարծում եմ՝ Երևանում ունեցանք շատ դինամիկ և ակտիվ քննարկումներ։
Իմ հաջորդ հարցը հենց ֆորումի ընթացում ձեր ելույթում հնչած ձեւակերպման մասին է։ Դուք նշեցիք, որ հանդիպել էիք պարոն Գրիգորյանի հետ և ցանկանում էիք Հայաստանից լսել, որ չի կարող որեւէ միջանցք, որը կգործի տարածաշրջանային կապը խափանելու տրամաբանությամբ։ Ինչու՞ է Ձեզ անհրաժեշտ նման հավաստիացում։ Մտահոգություն կա, որ Հայաստանի դիրքորոշումը կարող է փոխվե՞լ այդ առումով։
Ոչ, դա մտահոգությունից չէ, դա գալիս է նրանից, որ մենք պետք է հստակեցնենք և վերահաստատենք այն, ինչում մենք համակարծիք ենք, որ մեզ անհրաժեշտ է փոխկապակցվածություն, մեզ անհրաժեշտ է հաղորդակցության դիվերսիֆիկացում և մեզ անհրաժեշտ են տարբեր տրանսպորտային ուղիներ, բայց մենք չպետք է հետևենք նախագծերին, որոնք դուրս են թողնում մյուսներին կամ փոխում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական լանդշաֆտը: Նախորդ շաբաթ տեղի ունեցավ «Թեհրանի երկխոսություն» համաժողովը, որին մասնակցում էր նաեւ պարոն Գրիգորյանը: Ես նրա հետ բեմին էի, մենք քննարկում էինք Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Բայց ես նաև ուզում էի համոզվել, որ մենք նույն բանը նկատի ունենք, երբ օգտագործում ենք տարբեր ձեւակերպումներ, և որ մենք լավ ենք հասկանում միմյանց: Այսպիսով, և այնտեղ, և այստեղ, ես ուզում էի համոզվել, որ երբ մենք խոսում ենք հաղոդակցային ուղիների դիվերսիֆիկացման, տարբեր տրանսպորտային ուղիների և տարանցումների մասին, և երբ մենք խոսում ենք խաչմերուկների մասին, մենք նկատի ունենք միմյանց կապելը, այլ ոչ թե միմյանցից բաժանելը: Եվ դա նշանակում է, որ ցանկացած նախագիծ, որը փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտը, չի նպաստում տարածաշրջանի երկրների բարօրությանը։
Այդ կապը խափանելու մասին խոսում է Ադրբեջանը։
Ես չեմ ասում, թե դա որեւէ մեկի միակողմանի ցանկությունն է։ Կարծում եմ՝ մենք պետք է միմյանց համար հստակեցնենք, թե ինչն է հնարավոր և ինչն՝ անհնար։ Այս տարածաշրջանում պետք է վստահաբար ընդհանուր ըմբռնում ունենանք, փոխադարձ ընդունելի լուծումներ։ Պետք է հարգվի միջազգային իրավունքը և տարածաշրջանի երկրների՝ ներառյալ Հայաստանի ինքնիշխանությունը։ Մինչ այս երկու երկրները պետք է միասին աշխատեն եւ հաղորդակցության ուղիների շուրջ լուծում գտնեն, մյուսներն էլ պետք է վստահ լինեն, որ խոսքը կապուղիներ ստեղծելու, ոչ թե այս տարածաշրջանում տասնամյակներ շարունակ գոյություն ունեցած ընդհանուր լանդշաֆտից միմյանց մեկուսացնելու մասին է։
Ի՞նչ եք կարծում՝ Իրանը կարո՞ղ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների համար։
Մենք լիարժեք աջակցում ենք խաղաղության համաձայնագրին։ Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ 100 տոկոսով աջակցում ենք երկու երկրների բոլոր ջանքերին։ Մենք կարծում ենք, որ որքան շուտ համաձայնություն ձեռք բերվի, այնքան լավ բոլորի համար, այդ թվում ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի։ Իրանը երկու երկրների հարեւանն է, եւ մենք շատ լավ հարաբերություններ ունենք մեր հարեւանների հետ, ինչը կցանկանայինք պահպանել։ Բայց միևնույն ժամանակ, բոլորը գիտեն, և դա գաղտնիք չէ, որ հակամարտության պատճառով շատ համատեղ նախագծեր մնացել են չիրագործված: Մենք չենք կարողացել այս տարածաշրջանի պոտենցալն ու հնարավորությունները լիարժեք իրագործել։ Ուստի մեզ անհրաժեշտ է համաձայնագիր, որը կապահովի ապագա համագործակցությունը։ Հակամարտությունների և բախումների զոհերը միշտ եղել են նրանք, ովքեր փորձել են խաղաղության և համագործակցության ծրագրեր իրականացնել այս տարածաշրջանում։
Իրանը պարբերաբար շեշտում է, որ չպետք է լինի «միջանցք», ինչը դուք քիչ առաջ նույնպես նշեցիք։ Ինչու՞ է Իրանը անհրաժեշտ համարում հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունների դեմ պարբերաբար նախազգուշական մեսիջներ հղել։ Թեհրանը նման սպառնալի՞ք է տեսնում։
Տեսեք, ես կարծում եմ՝ պարզ ասացի՝ այս տիպի ձեւակերպումները պետք է հստակ սահմանվեն։ Մենք պետք է նույն կերպ մեկնաբանենք այն։ Եթե «միջանցք» նշանակում է չընդունել Հայաստանի ինքնիշխանությունը, ապա կարծում եմ՝ նույնիսկ Ադրբեջանը դա չի ուզում։ Իրանը անշուշտ դեմ է ցանկացած նախաձեռնության, որը ոտնահարում է որևէ երկրի տարածքային ամբողջականությունը կամ ինքնիշխանությունը՝ ներառյալ Հայաստանինը։ Մեր դիրքորոշումը շատ հստակ է. մենք վճռականորեն աջակցում ենք Ադրբեջանի, Հայաստանի եւ տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը, քանի որ միջազգային իրավունքն այն է, ինչ մեզ պետք է տարածաշրջանում: Այսպիսով, եթե միջանցք նշանակում է մի բան, որը մեր տարածաշրջանը բաժանում է երկու կամ երեք տարբեր մասերի, կամ եթե դա նշանակում է մի բան, որը հակասում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, կամ մի բան, որը փոխում է այս տարածաշրջանի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական լանդշաֆտը, աշխարհաքաղաքական քարտեզը, ապա դա մի բան է, որը չի կարող տեղի ունենալ։ Դա պարզապես չի կարող լինել: Իրանը կարծում է, որ անհրաժեշտ է կապ, տրանսպորտային ուղիներ և դիվերսիֆիկացված ուղիղ հասանելիության բոլոր երկրների համար, և մենք իսկապես աջակցում ենք դրան, Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն ստեղծել խաղաղության խաչմերուկ, մենք, վստահաբար, ավելի քան ուրախ կլինենք։ Մենք, իհարկե, ունենք նաև մեր սեփական ծրագրերը։ Մենք կարող ենք առաջարկել մեր ավանդական երթուղիները, որոնք, մեր կարծիքով, լավագույնն են տնտեսական առումով, տարածաշրջանային կապվածության առումով: Այնուամենայնիվ, մենք ողջունում ենք այն ամենը, ինչը այս տարածաշրջանի երկրների միջև փոխհամաձայնության արդյունք է։
Ամենակարևորն այն է, որ պետք է պահպանվեն սկզբունքները ՝ միջազգային իրավունք, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն և հարգանք այս շատ զգայուն տարածաշրջանի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական լանդշաֆտի նկատմամբ։
Իրանն ասել է, որ ամեն ինչ կանի՝ կանխելու սրացումը տարածաշրջանում։ Իրանի կողմից կոնկրետ քայլեր կլինե՞ն, եթե Ադրբեջանը ներխուժի Հայաստան, եւ որոնք կլինեն այդ քայլերը։
Մենք անում ենք ամեն ինչ՝ կանխելու ցանկացած սրում։ Մենք հավատում ենք, որ բոլորի ուզածն էլ խաղաղություն է։ Իրանն իր ամբողջ ներուժն եւ տարածաշրջանում իր դերն ու հնարավորություններն օգտագործում է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հաղորդակցվելու՝ նպատակ ունենալով երաշխավորելու զարգացած, համագործակցային, բարեկեցիկ ապագա՝ կարգավորված հարաբերություններով, հատկապես այս երկու երկրների միջեւ։
Իսկ բանակցվող միջուկային գործարքը ԱՄՆ-ի հետ. ինչքանո՞վ է դա կարևոր մեր տարածաշրջանի համար։
Ինչ է հիմա տեղի ունենում. Իրան-ԱՄՆ բանակցություններ միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերացման շուրջ։ Եթե համաձայնություն ձեռք բերվի, դա շրջադարձային կետ կլինի նաև մեր հարևանների համար։ Բայց, անգամ առանց համաձայնության, Իրանն ապացուցել է, որ այս տարածաշրջանում պատասխանատու դերակատար է, բարեկամ ու հարևան։ Մենք կարծում ենք, որ անկախ գործարքի կնքումից, առաջնորդող սկզբունքն այս բարեկամությունն ու բարիդրացիությունն է, որը մենք բոլորս կիսում ենք: Իրանը հաստատակամ է հասնել համաձայնության, որը կապահովի ինչպես պատժամիջոցների վերացումը, այնպես էլ կհասցեագրի մյուս կողմի մտահոգությունները՝ երաշխավորելով, որ Իրանի միջուկային գործունեությունը կմնա խաղաղ: Մենք վստահ ենք մեր մտադրությունների, մեր ծրագրի մեջ։ Միևնույն ժամանակ, մեզ անհրաժեշտ է, որ մյուս կողմը իրական հանձնառություն ցուցաբերի պատժամիջոցները վերացնելու հարցում, ինչի շուրջ մենք կպայմանավորվենք, եթե կարողանանք լավ, փոխընդունելի լուծման հասնել:
Տեսնո՞ւմ եք նման հնարավորությու՞ն։
Եթե ԱՄՆ-ն հրաժարվի այլ երկրների, այդ թվում ՝ Իրանի իրավունքները չհարգելու իր հին քաղաքականությունից, հարգի մյուս ժողովուրդների՝ այդ թվում Իրանի իրավունքները, ճանաչի Իրանի խաղաղ միջուկային գործունեության իրավունքը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաձայն. և եթե նրանք տրամադրեն պատժամիջոցների չեղարկման օբյեկտիվ երաշխիքներ, ապա ես կարծում եմ, որ համաձայնագիրը շատ մոտ է:
Իրանը պարբերաբար զգուշացնում է տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայության մասին։ Այս պահին ունե՞ք մտահոգություններ։
Մեր տարածաշրջանը երկար ժամանակ տուժել է արտատարածաշրջանային մրցակցությունից և հակամարտություններից։ Իսկապես դարեր շարունակ եւ իհարկե վերջին տասնյականերում։ Այդ մրցակցությունն օգուտ չի բերում ոչ մեր տարածաշրջանին, ոչ էլ այստեղ գտնվող երկրներին։ Պատմությունը ցույց է տալիս, որ երբ տարածաշրջանի երկրները որոշում են համագործակցել, նրանք կարող են ստեղծել իրենց անվտանգային այնպիսի համակարգ, որը հնարավոր չէ ոչ փոխառել, ոչ էլ գնել տարածաշրջանից դուրս: Դա այն է, ինչ մեզ պետք է: Մեր տարածաշրջանը կարող է վճռորոշ դեր խաղալ սեփական ապագայի կերտման գործում։ Մենք ազդեցություն ունենք միջազգային կարգի վրա, և մեր տարածաշրջանը կարող է լինել սեփական ճակատագրի ճարտարապետը։ Ահա, թե ինչու մենք պետք է միասին աշխատենք:
Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի դերը այդ ապագայում։
Հայաստանը շատ կարևոր երկիր է։ Մեզ համար այն շատ լավ հարևան է և կարևոր երկիր ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ապագա կապերի առումով։ «Պարսից ծոց–Սև ծով» մեր նախաձեռնությունը ներառում է Հայաստանը, որը դրանում կենտրոնական դեր ունի։ Մեզ համար Հայաստանը դարպաս է դեպի Եվրասիական տնտեսական միություն և դեպի Հարավային Կովկաս։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանին և ցանկանում ենք բարձրացնել մեր երկկողմ հարաբերությունների մակարդակը։ Մեր համագործակցության համար սահմանափակումներ չկան, և մենք պետք է բոլորին ցույց տանք, որ և Հայաստանը, և Իրանը ունակ են կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնք խորապես փոխկապակցված կլինեն և կաջակցեն միմյանց:
Շնորհակալություն։
Շնորհակալություն Ձեզ՝ այս հնարավորության համար։