Բա եթե բռնաճնշումներ են, ինչպե՞ս է ընդդիմությունը շարունակում տարատեսակ ակցիաներ անել. Հրաչյա Հակոբյան
Իրավապահներն իրենց աշխատանքն են անում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, որ վերջին շրջանում բռնաճնշումներ են սկսվել, անգամ 18-ամյա աղջիկներին բերման են ենթարկում զենք կրելու կասկածանքով:
«Ընդդիմությունն իր աշխատանքն է անում, երբ ուզում հանրահավաք է կազմակերպում, ու դուք խոսում եք բռնաճնշումների մասին: Գնում են նախագահական նստավայրի դիմաց տարատեսակ պաստառներով կանգնում են, ինչ ուզում՝ անում են, ինչ ուզում՝ խոսում են ուղիղ եթերներում, ու դուք խոսում եք բռնաճնշումների՞ց»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ դա ժողովրդավարության դրսեւորում է, Հակոբյանը հակադարձեց. «Դուք ասում եք ժողովրդավարություն, ձեր գործընկերը ասում է՝ բռնաճնշումներ են: Եկեք, կողմնորոշվենք, եթե ժողովրդավարություն է, եւ ով ինչ ուզում՝ խոսում է, անում է, փողոց է փակում, ուրեմն ժողովրդավարություն է, բռնաճնշում չկա: Եթե կան բռնաճնշումներ, ո՞նց ստացվեց, որ բռնաճնշումների ներքո մարդիկ տարատեսակ պաստառներով նախագահականի դիմաց ակցիա են իրականացնում: Դրանք իրար հակասում են: Հետո իրավապահներն ունենում են տարբեր տեղեկություններ, գնում են դրանց հետքերով:
Քանի տարի է՝ այդ ակցիաները շարունակվում են անել: Եթե լիներ նպատակ, որ այդ ակցիաները չարվեն, կհասնեին իրենց նպատակին, չէին լինի ակցիաներ»: